Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա ապրիլի 8-ին Երասխի դիրքեր տանող ճանապարհին զինվորական «Ուրալի»՝ մահվան հանգեցրած վթարի փաստով հարուցված քրգործով մի շարք փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են: Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ, արդարադատության գնդապետ Ա.Մելիքյանը հայտնեց, որ քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ), կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեռևս քննություն է տարվում՝ պարզելու համար վթարի պատճառները։
Yerkir.am-ին հասած վարկածներից մեկի համաձայն՝ «Ուրալի» վթարի պատճառը ոչ թե մեքենան վարելու կանոնները խախտելն է, այլ մեքենայի անսարքությունը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, կտրվել է բեռնատարի արգելակման գոտին, ինչի հետևանքով էլ զինծառայողը չի կարողացել արգելակել, և մեքնենա գլորվել է ձորը:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2015-ի ապրիլի 17-ին՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին: Զինվորական բեռնատարի վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը, իսկ նրա 9 ծառայակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Yerkir.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հայրն ասել էր. «Դեպքի նախորդ օրը տղայիս հետ խոսել եմ, ասաց, որ մեքենայի տոռմուզի ռեմենն ա կտրվել, ու զորամասում ասել ա էդ մասին, ասել են` նորը կտան, բայց չեն տվել: Էրեխեն էլ ստիպված հին ռեմեն ա ճարել, դրել»:
Այս միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից Yerkir.am-ին հայտնել էին, որ ծառայողական քննության արդյունքում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, մահվան ելքով դեպքի մեղավորները կարգապահական տույժի են ենթարկվել:
Yerkir.am-ն առաջիկայում կփորձի պարզել՝ արդյո՞ք Երասխի դիրքեր տանող ճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ ՊՆ-ում ծառայողական քննություն ընթացել է, և արդյո՞ք կատարված պատահարում առկա է համապատասխան պաշտոնյաների մեղքը: Ի վերջո, չմոռանանք, որ վթարի արդյունքում զինծառայող էր մահացել:
Նախնական քննության տվյալների համաձայն՝ 2016-ի ապրիլի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: