կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 15:17
Հասարակություն

Զինվորական բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից ոմանք վերադարձել են ծառայության

Զինվորական բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից ոմանք վերադարձել են ծառայության

Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ճանապարհին զինվորական բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Ինչպես yerkir.am-ին հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, ներկայումս հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ են գտնվում զինծառայողներից Մհեր Վարդանյանն ու Մարտիրոս Քոչարյանը: Վերջինիս պետք է վիրահատեն: Հիշեցնենք որ երկու շաբաթ առաջ էլ վիրահատվել է Մհերը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դուրս գրվելուց հետո զինծառայողները կօգտվեն «Մայրական խնամք» արձակուրդից: Նա հայտնեց, որ  տուժած զինծառայողներից ոմանք վերադարձել են ծառայության, իսկ ոմանք դեռ արձակուրդում են:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող` N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Վթարի հետեւանքով մահացել էր բեռնատարի վարորդը՝ ժամկետային զինծառայող Արտյոմ Թորոսյանը: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ, իսկ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է ընթանում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն էին: