Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրաքվեի մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2001-ին, մինչդեռ դրանից հետո ոչ միայն սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, նաև Ընտրական նոր օրենսգիրք է ընդունվել, և մի շարք հարցեր բաց են մնացել, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենքում:
Բացի այդ` մի շարք սկզբունքային հարցեր կարգավորող նորմեր թերի են և չեն ապահովում պատշաճ ժողովրդավարական ընթացք:
«Դրանից առաջինը վերաբերում է «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայտնի է, որ ներկայիս կարգավորումների շրջանակում գրեթե չկան «կողմ»-ի և «դեմ»-ի քարոզչության համար հավասար հնարավորություններ, ավելի շատ հնարավորություններ են տրվում «կողմ»-ին, իսկ «դեմ»-ը ստվերվում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հանրաքվեի ընթացքին: Ներկայիս կարգավորումներով քվեածրարներ չկան հանրաքվեի ժամանակ, քվեաթերթիկները բաց են ներկայացվում, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը: Ուստի առաջարկվում է, որ քվեաթերթիկների հետ միասին լինեն քվեածրարներ:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է հանրաքվեի վերաբերյալ նախագահի հրամանագրի ժամկետներին, շեմը երկարաձգվում է` հնարավորություն տալով պատշաճ քարոզչություն ծավալել:
«Հանրաքվեն չունի վստահված անձանց ինստիտուտ, ինչը նշանակում է, որ պետք է ուժեղացնել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը»,- ասաց պատգամավորը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանին, թե հնարավոր չէ՞, արդյոք, այդ փոփոխությունները ներառել Ընտրական օրենսգրքում:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իրավատեխնիկական առումով հնարավոր չէ այդ փոփոխությունները մեխանիկորեն ներառել Ընտրական օրենսգրքում, որովհետև ոչ բոլոր ինստիտուտներն են, որ կիրառելի են հանրաքվեի համար, օրինակ՝ վստահված անձի ինստիտուտը. հանրաքվեի ժամանակ չկան վստահված անձինք, որովհետև չկան թեկնածուներ, բայց դրա փոխարեն կան դիտորդներ, դիտորդական առաքելություններ: Մյուս տարբերությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ հանրաքվեի ընթացակարգն ավելի շատ փոխանցում է այն լիազորությունները հանձնաժողովներին, որոնք համապետականին են բնորոշ: