Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ըստ հիմնական զեկուցող` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի` թեև «Հանրաքվեի մասին» օրենքում 4 փոփոխություն եղել է, այնուամենայնիվ, որոշ հարցեր բաց են մնացել, ուստի օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մի շարք սկզբունքային հարցադրումներ, որոնք կապված են հանրաքվեի՝ որպես անմիջական ժողովրդավարական ինստիտուտի գործադրման և ժողովրդավարության համակարգերի զարգացման հետ, ներկա կարգավորումները թերի են կամ չեն ապահովում պատշաճ ժողովրդավարական ընթացք: Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննարկվող նախագծով նախատեսվում է հավասար պայմաններ ստեղծել կողմ և դեմ արտահայտվողների համար:
«Հայտնի է, որ ներկա կարգավորումների շրջանակում գրեթե չկան կողմի և դեմի քարոզչության ապահովման համար համարժեք հնարավորություններ: Ներկայիս օրենքն ավելի շատ կառուցված է այն տրամաբանությամբ, որ կողմ արտահայտվողներն ազատորեն կարող են դա իրականացնել, և քանի որ, որպես կանոն, իշխանությունն ինքն է նախաձեռնում կամ իրականացնում հանրաքվե, որովհետև այսօր մեր Սահմանադրությամբ այլ մեխանիզմ չկա, ստացվում է, որ ավելի շատ հնարավորություն է տրվում կողմ արտահայտվողներին, իսկ դեմ արտահայտվողներն անտեսվում են: Այս տեսանկյունից մենք առաջարկում ենք ստեղծել մեխանիզմներ, որպեսզի կողմ և դեմ արտահայտվողների համար հավասար պայմաններ լինեն»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է կարգավորել նաև քվեարկության ընթացքը: Պատգամավորը հիշեցրեց, որ ներկա կարգավորումների համաձայն՝ միայն քվեաթերթիկներն են համարվում հատուկ հաշվառման փաստաթղթեր, և հանրաքվեի համար քվեածրարներ չկան:
«Սա նշանակում է, որ քվեաթերթիկները կարող են բաց հրապարակային ներկայացվել, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը, հետևաբար, առաջարկվում է, որպեսզի քվեաթերթիկների հետ մեկտեղ օգտագործվեն նաև քվեածրարներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել երրորդ կարևոր խնդիրը, որը վերաբերում է հանրաքվեի դնելու վերաբերյալ` նախագահի հրամանագրի ժամկետին:
«Ներկա կարգավորումների համաձայն՝ հանրաքվեն նախագահի հրամանագրով կարող է լինել Ազգային ժողովի համապատասխան որոշումը կայացնելուց հետո 45 օրից ոչ շուտ և 60 օրից ոչ ուշ ժամկետում, մինչդեռ` Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք անհրաժեշտ գործընթացներ, որոնք այս ժամկետների տեսանկյունից համահունչ չեն: Մենք առաջարկում ենք այս ժամկետը 45-ի փախարեն դարձնել 55 օրից ոչ շուտ և 65 օրից ոչ ուշ ժամկետներում, ինչը հնարավորություն կտա կողմ և դեմ արտահայտվողներին իրականացնելու պատշաճ քարոզչություն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել հանրաքվեի ինստիտուտի դիտարկման արդյունավետությունը: