|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողների հետ սահմանային լարվածության մասին խոսեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու պաշտպանության նախկին փոխնախարար Լևոն Շիրխանյանը: Երկու բանախոսներն էլ արդարացնում էին Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի բռնած դիրքը այս հարցում` չգտնելով որևէ խնդիր և համոզված լինելով, որ Հայաստանը կարողանում է հակադարձել Ադրբեջանի ոտնձգություններին: Անգամ խնդիր չեն տեսնում, որ Ռուսաստանը շարունակ զինում է Ադրբեջանին:
Սուքիաս Ավետիսյանը միայն մտահոգություն հայտնեց, որ միջազգային կառույցները շատ հաճախ, վերաբերմունք հայտնելով սահմանային լարվածության մասին, ոչ թե կոնկրետ գնահատականներ են տալիս, այլ ընդհանրական մտահոգություն են հայտնում` երկու կողմերին դիմելով:
Նա մտահոգված է նաև, որ սահմանային լարվածություններին գումարվում են պայթյունները Թուրքիայի հետ սահմանային տարածքներում, որոնք արդյունք են ՔԲԿ-ի հետ բախումների:
Իսկ Վահան Շիրխանյանը կարծիք հայտնեց, որ հայ հասարակությունը և հայ մամուլը չափից ավելի շատ են սրում իրավիճակը, ինչը չի համապատասխանում իրականությանը: «21 տարի շարունակ չեն դադարել սահմանին կրակոցները, սադրանքները, սպանությունները: Իհարկե, նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, բայց Հայաստանը միշտ էլ արձագանքել է: Երկակի ստանդարտների մասին խոսելիս պետք չէ առանձնացնել Ռուսաստանին, որովհետև երկակի ստանդարների վարպետը ԱՄՆ-ն է: Պետք է զգույշ մոտենալ ազգային անվտանգությանը, ռազմական անվտանգությունը փնթիություն չի սիրում: Այո, Ռուսաստանը զենք վաճառել է Ադրբեջանին, բայց Ադրբեջանին զենք վաճառում են եվրոպական երկրները, նաև Բելառուսը: Չեմ հավատում, որ մեր զինվորների վրա կրարում են ռուսական զենքից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անգործությանը, Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգություն է ապահովում, պարբերաբար զորավարժություններ է անցկացնում բանակի մարտունակության բարձրացման նպատակով: «Ադրբեջանը ոչ թե հարձակում է իրականացնում, այլ` ահաբեկչական գործողություն, Ադրբեջանը տեռորիստական երկիր է: Մենք ինքներս պետք է իրականացնենք հակատեռորիստական գործողություններ: Անկախ լինելը գնահատում եք, չէ՞, դե անկախ եք, ուրեմն ինքներդ ձեռնարկեք ձեր հակաահաբեկչական գործողությունները»,- ասաց Լևոն Շիրխանյանը՝ լիովին արդարացնելով ՀԱՊԿ ռազմավարությունը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Եթե Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում, դա չի նշանակում, որ անզոր ենք, չենք կարող հակազդել ու պետք է դիմենք մեծ եղբորը: Հարձակում` նշանակում է սահմանը մասսայական հատել ու ներխուժել այլ պետության տարածք»:
Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավորն այս օրերին եղել է սահմանամերձ գյուղերում, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Եղել եմ, բայց դա չի լուսաբանվել: Հանդիպել եմ այնտեղ ապրող ժողովրդի հետ, նրանք սովորել են կրակոցների տակ ապրել»:
Լրագրողների դիտարկմանը` ո՞րն է ՀԱՊԿ դերը, երբ Հայաստանը «նեղն է ընկնում», Լևոն Շիրխանյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` մենք նեղն ենք, ո՞վ ասաց, որ մենք նեղն ենք»:
Բանախոսները, սակայն, ոչ մի կերպ չկարողացան բացատրել, որ եթե «մենք նեղը չենք», ապա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց սահմանային լարվածության մասին` հայտնելով իր մտահոգությունը:
«Մտահոգությունը կա, բայց դրանից պետք չէ տրագեդիա սարքել»,- ասաց պատգամավոր Սուիքաս Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳ նախարարության լռությանն ու պասիվությանը, նա նշեց, որ ԱԳՆ իրականացրած հանդիպումները ոչ միշտ պետք է հրապարակվեն: «Հենց դրա համար էլ կոչվում են դիվանագիտական կառույցներ, ամեն անգամ չէ, որ պետք հայտարարեն, որ հանդիպեցին: Դրանք որոշ դեպքերում պետք է գաղտնի լինեն»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ երեկ Ռուսաստանի նախագահ Պուտինը այդպես էլ ոչ մի բառով չարձագանքեց սահմանային լարվածության մասին` Սերժ Սարգսյանի մտահոգությանը, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Որ առիթ կլինի, Պուտինին կհարցնեք»: Իսկ Լևոն Շիրխանյանը այդ հարցին չպատասխանեց: