կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 14:18
Տարածաշրջան

Դավութօղլուն անձամբ կմիջամտի հայկական որբանոցի ոչնչացման վերաբերյալ հարցին

Դավութօղլուն անձամբ կմիջամտի հայկական որբանոցի ոչնչացման վերաբերյալ հարցին

Թուրքիայում հայկական որբանոցի հարցը հասել է պետության օրակարգ: Իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը հայտնել է, որ որբանոցի հարցի լուծման մասին արդեն խոսել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել. տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

Հայկական որբանոցի ոչնչացման ժամանակավոր դադարեցումից հետո` մայիսի 12-ին, հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են «Նոր Զարթօնք»-ը, ճամբարում հերթապահողներին ներկայացնող Ալեքսիս Քալքը, Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղբալօղլուն, եկեղեցու հիմնադրամի ղեկավարներն ու հայկական համայնքի փաստաբաններից Սեպուհ Ասլանգիլը, «Մտքի պլատֆորմ»-ից` Հարութ Օզերը, փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, ճամբարում մեծացած Կարապետ Օրունոզնը, «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը: Հանդիպմանը հեռախոսակապի միջոցով միացել է իշխող կուսակցության` Կ.Պոլսի շրջանի նախագահ Սելիմ Թեմուրջուն:

 

«Ակօս»-ի հետ զրույցում Մարգար Եսայանը նշել է, որ մոտ 4 ժամ տևած հանդիպման ժամանակ հիմնադրամների ընդհանուր տնօրինությունը հարցի վերաբերյալ լուծումներ գտնելու հարցն է բարձրացրել:

 

«Անցած շաբաթ իշխող կուսակցության կազմակերպած ընթրիքի ժամանակ այս մասին խոսեցի Դավութօղլուի հետ: Ասաց, որ անձամբ է միջամտելու այս հարցին: Սեղանի շուրջն էին նաև շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլուջեն, Կ.Պոլսի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, իշխող կուսակցության` Կ.Պոլսից նախագահ Սելիմ Թեմուրջին: Այդ հարցը միասին քննարկեցինք: Դավութօղլուն հրահանգեց և Կ.Պոլսի քաղաքապետն ստանձնեց կատարել: Կապ է հաստատվելու որբանոցի սեփականատերերի հետ, և լուծում է գտնվելու: Փորձում են լուծում գտնել պետք եղած դեպքում փոխհատուցելու, կամ էլ հարկադիր օտարման միջոցով»,- ասել է Եսայանը:

 

Շեշտելով, որ այսուհետ անհնար է որբանոցի ոչնչացումը,նա հավելել է. «Ամենաբարձր տեղից Թուզլայի քաղաքապետարանը հրահանգ է ստացել՝ որբանոցի ոչնչացման աշխատանքները դադարեցնել, սակայն հիմնադրամը փորձում է ոչնչացնելու լիցենզիան չեղարկել: Ես իշխող կուսակցության` Կ.Պոլսից նախագահ Սելիմ Թեմուրջուին խնդրել եմ, փորձում ենք Թուզլայի քաղաքապետարանից պաշտոնական գրություն վերցնել: Սրանք բյուրոկրատական մանրամասնություններ ե, այլևս ոչ մի վտանգ չկա որբանոցի համար»:

 

Ընդգծելով, որ այս հարցիում պետք է քաղաքական կամք ցուցաբերել, որի տեսանկյունից Դավութօղլուի հրահանգը շատ կարևոր է, Եսայանն ասել է. «Այստեղ հիմնադրամն էլ մեղք ունի: Մի շարք դատեր ժամանակին չեն հարուցվել: Դատախազի վրա ազդելու համար քաղաքական կամք է հարկավոր: Սա էլ պետությունը պիտի լուծի, Դավութօղլուն հրահանգել է: Հանդիպումներ են լինելու, ճանապարհային քարտեզ է որոշվելու: Մի քիչ ժամանակատար է, սակայն քաղաքապետարանն այս հարցը լուծելու է»: