|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր, ըստ պայմանագրերի, աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, և այդ աշխատանքները շինարարական և շինմոնտաժային են: Այսինքն` ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում, այդ աշխատանքը օրինական ձևակերպում կստանա Հայաստանում, և նրանց ստացած աշխատավարձերից ու հավասարեցված եկամուտներից ՀՀ պետբյուջե կվճարվեն եկամտային հարկի գումարները: Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանի դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու մասին, շահութահարկը սահմանել 5 տոկոս:
Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Վախթանգ Միրումյանին, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա են կանգնել 13 և 5 տոկոսադրույքների վրա: Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ 13 տոկոս եկամտի դրույքաչափը դա այն չափն է, որը, համադրելով ԵՏՄ անդամ պետություններում գործող համանման դրույքաչափերի հետ, հնարավորություն կտա առավել նպաստավոր դաշտ ստեղծել կամ գոնե չունենալ բարձր դրույքաչափ, քան ԵՏՄ անդամ երկրներում է, որպեսզի մեխանիզմն աշխատի, հակառակ դեպքում` եթե Հայաստանում տոկոսադրույքը բարձր լինի, մեխանիզմը չի աշխատի: 5 տոկոսն էլ այն դրույքաչափն է, որից բարձր տնտեսավարողներին ձեռնտու չի լինի իրականացնել գործունեություն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նույնպես հարց ուներ Վախթանգ Միրումյանին: Ըստ նրա` ամոթալի է նման օրենքներ բերելը, քանի որ այն խթանում է արտագաղթին: «Ստացվում է, որ մենք փորձում ենք օգուտ քաղել արտագաղթի ճանապարհը բռնած քաղաքացիներից: Եվ հետո` ի՞նչ տրամաբանությամբ եք որոշել հարկել հենց շինարարությամբ զբաղվող ընկերություններին: Ռուսաստանում հազարավոր բժիշկներ են աշխատում և այնտեղ են մուծում եկամտահարկը, ինչո՞ւ նրանց չեք հարկում: Այս օրենքը շատ վատ արձագանք է ստանալու այն մարդկանց կողմից, ովքեր գնում են արտերկիր՝ աշխատելու: Եվ եթե այս օրենքն ընդունվի, դա կնպաստի, որ արտերկրում աշխատողները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից»,- ասաց պատգամավորը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը ոչ թե նպատակ ունի լրացուցիչ օգուտներ ունենալ, այլ տեղի է ունենում օգուտների տեղաբաշխում, այսինքն` այն օգուտը, որը մեր հայրենակիցներից ստանում են օտարերկրյա պետությունները, ընդամենը ցանկանում են տեղափոխել Հայաստան, և դրանում որևէ վատ բան չկա: