կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 22:21
Հասարակություն

Հայաստանում կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Հայաստանում կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 18-ի նիստում ստացավ 99 կողմ ձայն:

Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար:

Այդ արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամեկտով: Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այդ դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ եթե վերը նշված արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել  4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: