կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 11:56
Հասարակություն

Մեր փախուստն եմ հիշում, որը հետագայում բոլորը գաղթ անվանեցին

Մեր փախուստն եմ հիշում, որը հետագայում բոլորը գաղթ անվանեցին

«Ես յոթ տարեկան էի, դեռ թաղային դպրոց չէի հաճախում, երբ սկսվեց Մուշի հայերի կոտորածը։ Հիշում եմ, որ Մուշի հայկական թաղամասն էին այրել, ինձ ու քրոջս տանից դուրս չէին թողնում ու մեկ էլ մեր փախուստն եմ հիշում, որը հետագայում բոլորը գաղթ անվանեցին։ Ճանապարհին քույրս անդադար լաց էր լինում։ Մեկը մոտեցավ մորս, խփեց նրան, սայլից ներքև գցեց ու ստիպեց, որ երեխայի ձայնը կտրի։ Մայրս շապիկից մի կտոր կտրեց, թրջեց ու դրեց քրոջս բերանը, որ լացի ձայնը չլսվի։ Ես քաղցած էի, ու անդադար ուտելու մասին էի մտածում, բայց մերոնք ասում էին, որ ուտելիքը վերջացել է։

 

Մի քանի օր անց մի գյուղի հասանք։ Մեր խղճուկ ունեցվածքը տեղավորեցինք մի փոքր տան մեջ։ Ես շարունակ մեր հին տունն էի ուզում։ Այսքանն եմ հիշում, մնացածը գիտեմ հորս ու պապիս պատմածներով»,- մայրս սա իր պապից է լսել։ Նա Եղեռնի ժամանակ 7 տարեկան է եղել։ Միշտ պատմել է իր տեսածն ու լսածը, որպեսզի թուրքի եղեռնագործությունը երբեք չմոռացվի․․․

 

«Հայրս՝ Արիստակը, մեզ հավաքում էր շուրջն ու սկսում ամենասկզբից։ Մուշը ոչ մեծ քաղաք էր՝ 100-ից ավելի գյուղով շրջապատված։ Քաղաքն ուներ իր համանուն գետը, որը Մուշը բաժանում էր 2 մասի, իր Սասունի լեռները, որոնց լանջերին մեծ ու փոքր, անշուք, կավաշեն, հարթ տանիքներով տներ էին՝ առանց բակի ու ցանկապատի։ Արա՛մ , հիշում ես, չէ՞, մենք էլ բակ չունեինք, որ քեզ դռան դիմաց լողացնում էինք, լալիս էիր, թե հարևանները կտեսնեն, իսկ պապդ կատակում էր, թե մշուշը չի թողնի, որ մարմինդ երևա։ Դու հարցնում էիր, թե մշուշն ինչ է, ու ես պատմում էի քեզ Մուշի առասապելը։ Մշո դաշտn արդեն քանի հարյուրամյակ է, ինչ մշուշով է պատվում առավոտները։ Ասում են՝ Աստղիկ դիցուհին Մուշի գետում է լողացել ու դաշտը մշուշով է պատել, որ երիտասարդ տղաներն իր մարմինը չտեսնեն։ Այդ մշուշից էլ եկել է մեր Մուշի անվանումը։ Մուշը 12 թաղամաս ուներ՝ Բերդի, Բրուտի, Ձորի թաղեր 5 վանք ու 2 մատուռ։ Մենք ապրում էինք, աշխատում ու փառք տալիս Տիրոջը, մինչև որ ասկյարը ուզեց տիրանալ մեր հողերին․․․»։

 

 

Մայրս ասում է, թե այս բառերն արտաբերելիս Արամ պապի շուրթերը միշտ դողացել են, աչքերը՝ արցունքոտվել։ Մի քանի րոպե լռել է ու շարունակել պատմել․ «Մի մշուշոտ առավոտ թուրքը որոշեց Մուշը հայաթափել։ Նույն օրը երեկեյան 500 երիտասարդի սվինահարեցին։ Մեր հարևան Գևորն,- ասում էր պապս,- որսորդներին կանանց զգեստներ հագցրեց, որ մահից փրկեր, բայց թուրքերը մերկացրին նրանց ու սրի քաշեցին։ Գևորն թաղեց իր 3 որդուն․․․

 

Թուրքը թուրք էր, բայց քրդերը ևս վայրենաբարո գործողություններ էին անում։ Տղամարդկանց հավաքում-տանում էին, կանանց ու երեխաներին՝ մարագներում այրում։ Գեղեցիկ աղջիկներին բռնաբարում էին։ Հորաքրոջս աղջիկները երեսներին սևահող էին քսում, որ թուրքերը չմոտենան։ Մեր տանը մի հրացան կար։ Պապիդ պատրաստածն էր։ Քրդերը ստիպեցին, որ հանձնենք, թե չէ բոլորիս կկոտորեն։ Հաջորդ օրը դաշնակցականները զենք բաժանեցին տղամարդկանց՝ ինքնապաշտպանական մարտեր մղելու։ Պապդ վստահ էր, որ թուրքին հետ ենք մղելու, բայց ոչինչ էլ չստացվեց։ Մի օր էլ տան նկուղից տեսանք, թե ինչպես են Մշո Սբ Կարապետը պայթեցնում։ Հայրս խաչակնքեց ու խռպոտ ձայնով շշնջաց․ «Չէ՞, Արիստակ, սա մեր վերջն է․․․»:

 

 

Վաղ առավոտյան բռնեցինք գաղթի ճամփան։ Փշոտ ու արյունոտ ճանապարհ, լաց ու հառաչանք։ Սայլը կանգ չէր առնում, քույրդ անընդհատ լաց էր լինում, դու քաղցից հյուծվել էիր, պապդ ամբողջ ճանապարհին հետ նայեց՝ դեպի Մուշ․․․

 

Կանգ առանք Շիրվանջուղ գյուղում։ Այստեղ էին հաստատվել նաև Ալաշկերտից գաղթածները։ Հաջորդող օրերին Մուշի առաջնորդարանը տվյալներ հրապարակեց։ Շուրջ տասներեք հազար հայից փրկվել էր միայն հազար հինգ հարյուրը։ Մուշում էր Անդրանիկ զորավարը։ Օգնություն էր ցուցաբերում փրկվածներին ու ողջ մնացածներին։ Անդրանիկը հորս հերոսն էր, Արա՛մ, դու էլ կհիշես նրան, թոռներիդ կպատմես, որ մեր պատմությունը չկորչի»,- պապս՝ Արամը, այսպես էր ավարտում իր պատմությունը։

 

Երբ տանը մենակ էինք լինում, միշտ խնդրում էինք նորից պատմել, որովհետև գիտակցում էինք, որ դա մեր սերնդի պատմությունն է։ Տան մի գաղտնի անկյունում պապս Անդրանիկի նկարն էր կախել։ «Այդ տարիներին նրա անունը տալ նույնիսկ արգելված էր»,- ասում է մայրս ու ամեն անգամ ցավով ու նոր եռանդով պատմում է իր նախնիներին բաժին ընկած ճակատագրի մասին։ Ես էլ իմ սերունդներին եմ պատմելու, որ չմոռանան ու չներեն ոճրագործին․ ցեղասպանությունը ներում չի ճանաչում։ Մայրս Միրոյան է, նրա պապի պապի անունը Միրո է եղել։ Գաղթի ժամանակ Միրոյանների մի մասը մնացել է Մուշում, ապրել կամ գուցե զոհվել հայրենի հողի արմատներին կառչած։ Երբ նայում եմ գաղթից ավելի քան կես դար անց նկարահանած «Ձորի Միրո» կինոնկարը, ինձ միշտ թվում է՝ Միրոն մորս ապուպապն է՝ իմ խրոխտ ու հայրենասեր նախնին»։