Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե բանակի անձնակազմին հրամայվել է անհապաղ ոչնչացնել հակառակորդի ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ: Ի հավաստումն դրա՝ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածեցին ԼՂՀ ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մի տեսանյութ, որը նկարահանվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով: Ավելի ուշ ՊԲ-ն հաստատեց, որ ճանապարհին մեքենայի պայթեցումը և տարածված տեսանյութը համապատասխանում են իրականությանը, որ ականը պայթեցվել է հեռակառավարմամբ՝ հերքելով, սակայն, մարդկային կորուստներ ունենալու մասին` ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը:
Առաջին անգամ է, որ Բաքուն հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատ ունեցող ԵԱՀԿ ներկայացուցչին ոչ միայն բացեիբաց խոստովանում է շփման գծում նախահարձակ գործողություններ ձեռնարկելու հրամանի տալու մասին, այլև դրա կիրառումը ցուցադրում` հայկական ուժերի թիկունքում ռազմական մեքենա ոչնչացնելու գործողություն իրականացնելով: Սա ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման շարքային դրսևորում է, այլև այդ խախտման համար լիարժեք իրավական ու քաղաքական պատասխանատվության ստանձնում:
Իր հայտարարությամբ Հասանովն անուղղակիորեն հաստատել է, որ Ադրբեջանը վերջնականապես դուրս է եկել Մինսկյան գործընթացից և պրոցեսն արդեն պաշտոնապես տանում է դեպի պատերազմ: Հենց այս իմաստով պետք է ընկալել այդ հանդիպման ժամանակ Հասանովի արած մեկ այլ հայտարարություն, թե հակամարտության կարգավորման միակ ճանապարհը «ագրեսորի կողմից բոլոր գրավված տարածքներն ազատելն է»:
Դժվար է ասել՝ ինչպես է Հասանովի այս հայտարարությանն արձագանքել Կասպրշիկը: Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի նշվում: Բայց, անկախ այդ հանգամանքից, կարգավորման միջնորդին նման հայտարարություններ հնչեցնելն ուղղակիորեն նշանակում է թքած ունենալ ոչ միայն հրադադարի ռեժիմը պահպանելու` իր պարտավորության, այլև առաջին հերթին Մինսկի խմբի և անձամբ՝ Կասպրշիկի առաքելության վրա: Այս հայտարարությունն այլևս միջազգային հանրությանը, մասնավորապես` ՄԽ համանախագահներին մանևրելու տեղ չի թողնում, քանի որ ամբողջությամբ բացահայտում է, թե կողմերից որն է շփման գծի ողջ երկայնքով վերջին ամիսներին մարդկային կորուստների տեղիք տվող բախումների, ռազմական պրովոկացիաների հրահրողը և լիարժեք պատասխանատուն:
Սա ենթադրում է, որ Մինսկի խումբը և, մասնավորապես, Անջեյ Կասպրշիկը ոչ միայն պետք է անհապաղ արձագանքեին Հասանովի արած հայտարարությանը, այլև խնդիրը բանակցությունները շարունակելու տրամաբանությունից տեղափոխեին Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառման, այդ երկրի ռազմական ղեկավարությանը, բառի բուն իմաստով, զսպաշապիկ հագցնելու դաշտ: Որովհետև այս պայմաններում լռության պահպանումը, Հասանովի հայտարարությանը դարձյալ մատների արանքով նայելու վարքագծի պահպանումն այլ կերպ, քան սեփական առաքելության ձախողում և պատերազմի վերսկսմանը աջակցություն, չի կարող մեկնաբանվել:
Իսկ, ընդհանրապես, այն բանի համար, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իրեն նման հայտարարություն է թույլ տալիս, պատասխանատվություն են կրում հենց ՄԽ համանախագահները: Բանն այն է, որ Հասանովն ընդամենը վերահաստատել է այս տարեսկզբին անվտանգության հարցերով Մյունխենի միջազգային ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները, որոնցով նա գրողի ծոցն էր ուղարկում հակամարտությունը ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կիրառումից խուսափելու սկզբունքների վրա կարգավորելու՝ ներկայումս բանակցությունների առանցքում գտնվող մեխանիզմը: Եթե այն ժամանակ Ալիևի հայտարարությունները բացարձակ անտարբերության չմատնվեին, չէր ամրապնդվի Բաքվի այն համոզմունքը, որ միջազգային իրավունքը ոչինչ չարժե, և եկել են խնդիրներն ուժի միջոցով լուծելու ժամանակները:
Անօդաչու սարքի կողմից նկարահանված` հայկական ռազմական ավտոմեքենայի պայթեցումը ցույց է տալիս, որ Ալիևն անարգել անցնում է այդ գործին՝ ավելի բազմազանեցնելով ռազմական գործողությունների բնույթը: Եթե մինչ այժմ դիպուկահար և դիվերսիոն հարձակումները տեղի էին ունենում հայկական դիրքերի և դիրքապահների ուղղությամբ, ապա այս օպերացիայով Բաքուն ցույց է տալիս, որ անցնում է նաև հայկական զինված ուժերի թիկունքային ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությանը: Հասկանալով, որ հայկական ուժերի, հասարակության վրա որևէ ազդեցություն չեն ունենում բանակի բարոյալքմանը, խուճապային տրամադրությունների հասունացմանն ուղղված` իրենց մանիպուլյացիոն պարզունակ հնարքները, հիմա էլ փորձում են ցույց տալ, թե որքան խոցելի է հայկական կողմի թիկունքը, և թե ցանկության դեպքում ինչեր կարող են անել այնտեղ: Որ սա առավելապես բարոյահոգեբանական դիվերսիա է հայկական կողմի նկատմամբ, ցույց է տալիս մեքենայի պայթյունը նկարահանելու համար անօդաչու թռչող սարք կիրառելու փաստը:
Այս ամենն այլևս հնարավոր չէ կապել միայն այս օրերին Երևանում ընթացող` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խափանելու կամ ուշադրությունը դրանցից շեղելու հետ: Ավելի ճիշտ կլինի ասել հակառակը` օգտվելով այն հանգամանքից, որ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Երևանի վրա՝ Բաքուն փորձում է դա օգտագործել միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ հիմնահարցի լուծման` իր վերջնագրերի վրա սևեռելու, բայց առավելապես` պատերազմի իրատեսականությունը ցուցադրելու նպատակով:
Անկախ դրանից, սակայն, այս դեպքը ցույց է տալիս, որ պետք է փոխվի նաև հայկական կողմի մարտավարությունը՝ ոչ միայն ադրբեջանական այս քայլին համարժեք պատասխանելու, այլև, առհասարակ, շեշտադրումները փոխելու առումով: Եթե այս անգամ էլ ՄԽ համանախագահները կուլ տան իրենց երեսին նետված թուքը, ապա միակ տրամաբանական տարբերակը դառնում է, ի պատասխան, ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը ճանաչելու՝ վերջնագրային պահանջների առաջադրումը և դրանք թե' Ադրբեջանի, թե' ՄԽ-ի նկատմամբ շանտաժի միջոց դարձնելը: Սա պարտադրում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, որն ավելորդ անգամ համոզում է՝ գոյապայքարը չի ավարտվել: Եվ այդ գոյապայքարում հաղթելու բանաձևը ոչ թե միջազգային հանրությունների արձագանքներին ապավինելն է, որի վրա բազմիցս ենք սայթաքել, այլ Հայաստանի հզորացման համազգային մտասևեռմամբ ապրելն ու մերթ ընդ մերթ հակառակորդի թափված ատամները հաշվելը:
Գևորգ Դարբինյան