Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին` ժամը 20:15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Վերածնունդ» խորագրով համերգը: Ելույթ կունենա «24/04» համաշխարհային նվագախումբը, որը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողներից:
Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի բոլոր ծայրերից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրաելից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:
Որպես մենակատար` հանդես կգան ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam ԱՄՆ-ի Johansen, երիտասարդ կատարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը, ում կատարումներն օգտագործվել են հոլիվուդյան մի շարք ֆիլմերում: Մենակատարների թվում է նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, որի կատարումները հնչել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:
Ելույթ կունենա նաև բազում միջազգային մրցույթների դափնեկիր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է:
24/04 նվագախումբը կկատարի վերջին հարյուր տարվա կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդերից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի հումանիստներին, ովքեր հսկայական դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում: Ինքնապաշտպանական մարտեր, հայկական գաղթօջախներ, վերածնված Հայաստան, հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ, անկախության կերտում և Արցախի ազատագրում` այս ամենը երաժշտությանը համահունչ կներկայացվի տեսաշարի միջոցով:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին, ովքեր իրենց ուղերձները կհղեն աշխարհին: Ապրիլի 24-ին համաշխարհային նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Երաժիշտները, օգտագործելով երաժշտության ուժը, կվերհիշեն մեծ ողբերգությունը՝ աշխարհին ուղղելով խաղաղության, սիրո, ներդաշնակության կոչեր: