կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-11 13:27
Արցախ

Մահափորձ կատարած հանցագործները ընդամենը կատարողներ են. Հայկ Խանումյան

Մահափորձ կատարած հանցագործները ընդամենը կատարողներ են. Հայկ Խանումյան

ԼՂՀ միջազգայնագետ և Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հայկ Խանումյանի կարծիքով` Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձն ունի քաղաքական դրդապատճառներ: Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը 2012-ին մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին և ներկայացնում էր Արցախի ընդդիմադիր զանգվածին:

 

Երեկ երեկոյան ԼՂՀ դատախազությունը հրապարակել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդեպ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող երկու անձանցից մեկի` Սերգեյ Հարությունյանի, ինչպես նաև նրա եղբոր կողմից նախկինում կատարված այլ հանցագործությունների մասին:

 

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով անհայտ անձինք ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էին տեղադրել նրա անձնական օգտագործման`«Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով: Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ Քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ Քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

 

ԼՂՀ իրավապահ մարմինների, ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ի հայտ են բերվել կասկածյալներ` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբորը` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:

 

Բացահայտվել է, որ կասկածյալներից մեկը` Սերգեյ Հարությունյանը, իր եղբոր`Էրիկ Հարությունյանի հետ մեկտեղ նախկինում այլ հանցագործություններ էլ են իրականացրել` զինված ավազակային հարձակում և գողություն:

 

ԼՂՀ իրավապահ մարմինների և իշխանության ներկայացուցիչների համոզմամբ` Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձը ոչ թե քաղաքական, այլ միջանձնային դաշտում է գտնվում:

 

 Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Խանումյանը նշեց, որ կասկածյալների` նախկինում այլ հանցագործություններ իրականացնելու հետ կապված լուրերը ավելի վաղ էին շրջանառվում: Ըստ նրա` առայժմ չի կարող վերլուծել ու մեկնաբանել, որովհետև դեռ քննություն է ընթանում, պետք է սպասել, իսկ դատողությունները կարվեն եղած փաստերի հիման վրա: Հայկ Խանումյանի խոսքով` իր դիրքորոշումն այս մահափորձի հետ կապված չի փոխվել, որովհետև ձերբակալված մարդիկ կատարողներ են ընդամենը և մեղադրվում են հանցագործությունը կատարելու մեջ: «Խնդիրը հանցագործության պատճառը տեսնելն է»,- ասաց նա: