Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անադոլու» գործակալությունը 2015 թվի մայիսի 15-ին հաղորդագրեց. «Շուրջ մեկ ամիս է, ինչ կապ չկա Վանի վիլայեթի լեռնային գյուղերից մեկի` Կարաքիսեի հետ: Ճանապարհն առաջվա պես փակված է, իսկ հորդառատ անձրևն ու ամպրոպները թույլ չեն տալիսուղարկել ուղղաթիռներ: Դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն, փրկարար լեռնագնացներին հաջողվել է փրկել մի 15-ամյա տղայի: Տղան սթրեսի պատճառով չի խոսում: Նրա հետ աշխատում են հոգեբանները»…
***
Երեկ «Լոֆթ»-ում տեղի ունեցավ Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսը: «Մեղքի հարյուր տարին» Ցեղասպանությանն ուղղված ինքնատիպ և նոր հայացք է: Ուշագրավ է, որ շնորհանդեսը տեղի ունեցավ մոմերի լույսի ներքո, ոչ այն պատճառով, որ ավելի ազդեցիկ լինի տպավորությունը, պարզապես հոսանք չկար: Այնուամենայնիվ, շնորհադեսը կայացավ` առանց լույսի, առանց «ճռճռան ելույթների», հեղինակի հետ ուղղակի զրուցելով:
Բեյլերյանը խոստովանեց, որ հոսանք չլինելը խորհրդանշական է` ինքն էլ սիրում է լինել ստվերի մեջ` գործ անել, բայց չերևալ առջևում: Բեյլերյանը նշեց, որ ինքը հակաթուրքական գործունեության կողմնակից է, որը, սակայն, չպետք է մտնի գրականություն:
«Գրականության մեջ չպետք է քարոզներ լինեն, պետք է ակնարկի տեսքով մատուցես խոսքդ, ինչն էլ արել եմ այս գրքում: Վեպը ոգիների մասին է, և ես փորձել եմ նայել այդ ոգիներին թուրքերի աչքերով: Մենք այսօր տեսնում ենք այդ ոգիների վերադարձը. Հռոմի պապը մի քանի օր առաջ պատարագ մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին կլինի սրբադասման արարողություն, և մեր նահատակների բանակը կհամալրվի միանգամից մի քանի միլիոն հայով: Իմ կարծիքով` հենց այդկերպ էլ մեր նահատակների ոգիները վերադառնալու են»,- ասում է գրողը:
Բեյլերյանի մեկնաբանմամբ` մեր նահատակների ոգիները պահանջ ունեն, և պահանջի թիրախը Թուրքիան չէ, նրանք մեզնից` իրենց ողջ մնացած սերնդից էլ վրեժ են պահանջում:
Ի դեպ, վիպակը թարգմանվում է թուրքերենով, քանի որ, ինչպես Բեյլերյանն է նշում, այն գրել է հենց նրանց համար:
Yerkir.am-ի հետ զրույցում գրականագետ, գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ թեև գրքի շնորհանդեսը համընկնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, բայց պատահական է ստացվել, քանի որ վիպակը լույս է տեսել դեռ 2005-ին` «Նորք» ամսագրի 3-րդ համարում:
«Ես ուրիշ նյութ որոնելու ճանապարհին գտա վիպակը, և ինձ համար անակնկալ էր, որ Մհերը «Սկյութների ստվերները» վիպակից հետո նոր գործ է գրել: Ինձ թվաց` Մհերն այս վիպակը գրել և թաքուն պահել է, որ այն կարդան 2015-ին, որովհետև սա լրիվ ուրիշ մոտեցում է Ցեղասպանության թեմային: Եթե չկարդանք վիպակի վերջին պարբերությունը, որը մասնավորեցնում է դեպքերի ընթացքը, սա վիպակ է մարդկային ողբերգության, հանցանքի, մեղքի և մեղքի փոխհատուցման մասին: Ըստ Մհերի` ցանկացած մեղք, որ գործվում է աշխարհի երեսին, անպայման պատժվում է, և մեղքհատուցման պահն է, որ դրված է վիպակի հիմքում»,- ասում է գրականագետը:
Նիկողոսյանը կարևորում է այն փաստը, որ Բեյլերյանի գիրքը Ցեղասպանության գրականության մեջ առաջին գործերից է, որ լացուկոծ չի պարունակում, ավելի շատ մշակութաբանական խնդիր է լուծում` մարդու ֆենոմենը հաշվի առնելով, ոչ թե ազգային-էթնիկական պատկանելությունը, ինչպես նաև առաջին գործերից է, որ դատապարտում է ցեղասպանությունն ընդհանրապես: «Սա պատմություն է մի գյուղի մասին, որտեղ նախկինում բնակվել են ոգիներ, որոնցից մեկը շարունակել է մնալ այդ գյուղու, և ամբողջ սյուժեն ու գաղափարախոսությունը զարգանում է այդ մի ոգու շուրջ, որը գյուղի գյուղապետն է: Բեյլերյանն առաջ է քաշում այն միտքը, որ մարդկանց մեղքի զգացողությունը թույլ չի տալիս լիարժեք ապրել` անկախ նրանից` ում հանդեպ են այդ հանցագործությունը գործել: Ժողովրդական մի խոսք կա` «Գողությունն ու բոզությունը 40 օր է», իսկ Մհերը դնում է մեղքի` 100 տարվա խնդիրը: Քանի որ Մհերի վիպակն ավարտվում է 2015-ի մայիսով, կարծում եմ` մինչ այդ, Ցեղասպանության ընդունման, դատապարտման հետ կապված, մեծ հաշվով շատ բան կփոխվի»,- ասում է գրականագետը: