Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքի 61-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը:
Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79թթ. աշխատել է Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում' որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր:
1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ Կատարել է մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում: Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների' Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից: 1984-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1986թ. լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004թ.' «Վերջալույսը թռչուն» գրքերը:
Yerkir.am-ը ցավակցում է բանաստեղծի ընտանիքին, ընկերներին, հարազատներին, ծանոթներին ու ընթերցողներին:
***
Ամեն աստղի մեջ մի հանգուցյալ կա,
Ախ, ձյունիր, ձյուն իմ' տարածքս ներկա,
Զի տեսանել եմ' դիմակներ հագած
Աստղաբույլերում ինչ մեռյալներ կան -
Մարգարիտներ գոյանցումների
(ձյունածեփվածքի ակամա վկա),-
Ուշ եմ ձայնածում Ձեզ' Հովիվներիդ,
Որ երկու հազար տարի է' չկաք,
Որ երկու հազար տարի է չեկաք -
Մտնեք փարախը Տիրոջ ծննդի,
Այնինչ ձյուների ծեփվածքում դեռ կա,
Տե˜ր, կատարող մի, որ երթա անդին...
***
ՄԻ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թեև դեռ երազում, շողի հետ ես կռվում,
բայց մրսած է հոգիդ սրսուռ ձյունից:
Փոքր Մհերի պես հողի մեջ ես խրվում
քո հինավուրց արյան ծանրությունից:
Ծանրությունն արյան' հողագնդին կապող
մարմնիդ հանգրվանման առհավատչյա:
Կյա՞նք պիտի պարտակես թղթին այս տող առ տող,
ով Բեյլերյան պոետ Հայկի Հրաչյա:
Դե, հողեղեն եղիր, տար քո բեռը արյան,
Չիմացության նյութով այն ծանրացրու,
երկրաբնակ դարձրու այն, ինչ հավետ հարյավ,
լուսնալապտերի մեջ սնդիկ լցրու:
Երկմտանքի դիմաց երբեք մի վարանիր,
չկա գաղտաթաքույց շքահանդես:
Քո դեպի ներս հոսող արցունքներն անվանիր,
շրջանակիր բառիվ, հանիր ի տես:
Աչքերիդ մեջ մի քիչ աստղերի աղ ցանիր,
առարկաներ կերտիր տեսիլներից,
բոլոր անբառելի խոհերդ աքցանիր,
փորձդ փորձանք դարձրու, հետո նորից
հիշիր, որ երազում շողի հետ ես կռվել,
և մրսել է հոգիդ սրսուռ ձյունից,-
սակայն մնում է դեռ քեզ հողի մեջ խրվել
քո հինավուրց արյան ծանրությունից:
***
Հանգուցյալ մի հավք տանում է երկինք
Երկնակոս բացող իր թռչնաչուն:
Ոսկրածուծիս մեջ նույն սույլն է անկիրք
Զառամ կարոտներ, լուռ կլանչում:
Իրիկնամուտն է արձագանք շաղում
Փոշեամպի պես վարագույրի,-
Անդրենից ձգվող ճամփա նշողում
Ի սեր ննջեցյալ աստղաբույլի...
***
Քարը երկնքի ծանրությունն ունի.
Երկինքն ընկնում է, քարը' բարձրանում:
Մի անկարելի շունչ է կարծրանում
Արգելափակված ներսում անհունի:
Թե այստեղ էիր' որտե՞ղ ես հիմա.
Քնեցիր' հուշդ առևանգված է:
Շնչարգելության երախը բաց է,
Որ ստվերներ է որձկում ակամա:
Ուրվագծել են ու նկարել են
Ունայնությունը ՙստեղծագործ ջանքի՚:
Այլուրեք տանող ծիսամիջանցքի
Բերանը ծեփել-շարաքարել են:
Ուրվագծել են ու նկարել են
Մարած հուշերն ու ապրումները կեղծ-
Բուտաֆորային աստղերով հանդերձ,
Որ երկնասփյուռ շիրմաքարեր են:
Էլ ոչ մի կարոտ չի տանում անդին
Ու չի բռնկվում ոչ մի հիացում:
Աշխարհն այլևս խորթ է ու խրթին,
Հանց օտար լեզվով մի ներկայացում:
***
ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ
Ունիմ և լույս պայծառ,
բայց խավարեալ է
Գրիգոր Տղա
Թույլ տուր' անցումի պահն իմ ընդունեմ.
Այս մենությանս Աստված է վկա:
Զի վկայողներ երկրային չունեմ-
Ամեն աստղի մեջ մի հանգուցյալ կա:
Ամեն աստղի մեջ'աստղ հանգուցյալ'
Երկնում երկնում է աստեղափոշի,
Եվ ագուցվում է մահը իմացյալ
Չիմացյալ մահվան հեռավոր հուշին:
***
Ներս հեծկլտացող համր մեղեդի,-
անփույթ կեցվածքի հրճվանք ցաքուցիր:
Թե չպատահեր այն, ինչ անձանձիր
պատահել է ու պատահի պիտի...
Եվ ծովի խորքում մարջանե անձավ
կա: Թեփուկների թիթեռե սահանք
կազմած' մի վտառ այնտեղից անցավ
երկինք, ամպաջուր քիչ մի հոտոտեց
և ի հող նետեց թիչ ստվեր անձուկ
վտառը' դարձած հրեշտակաձուկ:-
Չէ՜ թե մարմնեղեն հրեշտակ դարձավ-
թևալողակով երկինքներ բացող,
կամ երկրի դեմքին' սոսկ ստվեր հածող,-
երկնաջրերում թողած մութ մի խոց-
ներս հեծկլտացող մեղեդի անձայն-
պսպղաթրթիռ վտառը դարձյալ
ծով վերադարձավ,
ձուլվեց-դարձավ ծով: