կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 13:36
Հասարակություն

Նախարարը հպարտ կլինի, եթե կենսաթոշակային բարեփոխումների կնքահայր համարվի

Նախարարը հպարտ կլինի,  եթե կենսաթոշակային բարեփոխումների կնքահայր համարվի

Կառավարությունն ու իշխանությունները իրենց ամենօրյա  ծանրաբեռնված աշխատանքով լուծում են այն խնդիրները, որոնք հրատապ են եւ մեր երկրի, պետության ու քաղաքացիների համար կարեւորագույն նշանակություն ունեն, նույնիսկ, եթե դրանց մասին շատ չի բարձրաձայնվում կամ շատ չի խոսվում. լրագրողներին այսօր ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` անդրադառնալով իր հարցազրույցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հնչեցրած արձագանքին: Այդ առումով, նշեց նախարարը, սթափ գնահատված է իրավիճակը, բոլոր քայլերը հետեւողական են եւ իրականացվում են` առաջին հերթին, մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

 

«Իհարկե, նաեւ չմոռանալով, որ մենք պիտի ունենանք դրված հիմքեր, որոնք ոչ միայն մեր ներկայի, այլեւ ապագայի խնդիրների լուծումը պետք է ապահովի: Եվ այդ առումով, կարծում եմ, որ նույն կենսաթոշակային համակարգի մասին ռեֆորմը, որ 10 եւ ավելի տարիներ Հայաստանում քննարկվել է, եւ այն բոլոր տեսակետները կամ մոտեցումները, որ այսպիսի համակարգային ռեֆորմը չի կարելի հապշտապ ներդնել եւ այլն, դրանք ուղղակի որեւէ հիմք չունեն: Եվ եթե դուք բարձրացնեք ու նայեք այն բոլոր որոշումները, որոնք աշխատանքների մի փոքր մասն են միայն, որոնք ժամանակին կառավարության կողմից ընդունվել են' հայեցակարգերի, ռազմավարությունների տեսքով, ինչի մասին, ի միջի այլոց, ես նաեւ նշել եմ, ապա կտեսնեք, որ բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն, առարկայական կազմով, լրագրողների հետ, տարբեր ՀԿ-ների հետ, բոլոր հետաքրքրվածների հետ, բազմիցս քննարկվել են»,- ասաց նախարարը` նշելով, որ այդ որոշումները բխում են մեր երկրի, մեր քաղաքացիների եւ մեր սերունդների շահերից:

 

Ի դեպ, նախարարը միայն հպարտ կլինի, եթե ինքը եւս համարվի այդ բարեփոխումների կնքահայր, քանի որ դրանցում տեսնում է մեր երկրի ու ժողովրդի համար կայացված կարեւորագույն որոշումներ, որոնք իրենց առարկայական արդյունքները ցույց են տալու տարիների ընթացքում:

 

Արտեմ Ասատրյանը ասաց նաեւ, որ այն արդյունքները, որոնք արդեն  արձանագրվել են եւ դեռ արձանագրվելու են, շատ մեծ ցանկության դեպքում, կարելի է տեսնել:, Իսկ եթե չկա ցանկություն, բնականաբար, չի կարելի տեսնել: Նա խորհուրդ է տալիս նայել, թե այս բարեփոխումների շրջանակներում որքան ենթակառուցվածքներ են ձեւավորվել, որոնք առաջին հայացքից դժվար տեսանելի համակարգային խնդիրներ են լուծել:

 

«Դրա համար ընդունվել են 5 տասնյակից ավելի օրենքներ, դրանից շատ ավելի շատ` ենթաօրենսդրական իրավական ակտեր, ձեւավորվել են համապատասխան ենթակառուցվածքներ, հնարավորություն է ընձեռվել ՀՀ քաղաքացուն անմիջականորեն մասնակցելու այդ բոլոր միջոցների կառավարմանը, հսկողությանն ու վերահսկողությանը, եւ ուղղակի հայտարարությունների մակարդակով պետք չէ անդրադառնալ այդ բոլոր խնդիրներին»,- ասաց նախարարը` հավելելով, թե հիմա համակարգը սկսել է աշխատել, եւ բոլորս միասին կարող ենք հետեւել այդ գործընթացներին, որոնք շատ կարեւոր են, որովհետեւ ամբողջությամբ նոր համակարգեր են ներդրվել:

 

Իսկ  բոլոր համակարգերը, որոնք նոր են ներդրվում, նշեց Արտեմ Ասատրյանը, բնականաբար, կունենան որոշ խնդիրներ, որոնք, սակայն, լուծումներ կունենան: