կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 15:39
Իրավական

Աճել է սպանությունների ու սպանության փորձերի թիվը. Հունան Պողոսյան

Աճել է սպանությունների ու սպանության փորձերի թիվը. Հունան Պողոսյան

Այսօր՝ ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի օրը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրեց 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

 

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 13.8%-ով նվազել են գրանցված հանցագործությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «95-ով նվազել է ծանր հանցագործությունների թիվը, փոխարենը աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 35, այս տարի 53 դեպք: Առանձին դեպքերով նվազել են գողությունների, ավազակային հարձակումների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը»,- ասաց նա:

 

Փոխոստիկանապետն արձանագրեց, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է սպանությունների թիվը: «Նախորդ տարի գրանցվել էր սպանության 14, իսկ այս տարի` 18 դեպք, սպանության փորձերի՝ 6 , այս տարի` 13 դեպք»:

 

Պողոսյանի խոսքով՝ աճել են նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, կեղծ արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերը:

 

Ոստիկանապետի տեղակալը, միաժամանակ, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում բարձրացել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Ըստ նրա՝ հանցագործությունների բացահայտման արդյունավետության տեսանկյունից ամենաարդյունավետ ցուցանիշ ունեցողը Երևանն է, ապա՝ Արմավիրի մարզը: