Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը համոզում է ցուցարարներին, որ միասին բացեն Բաղրամյան պողոտան և վերականգնեն երթևեկությունը` առանց բախումի ու հակառակվելու: Ոստիկանությունը փոխարենը խոստանում է չխոչընդոտել Ազատության հրապարակ տեղափոխված բողոքի ակցիաներին:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես համոզում էր ցուցարարներին, որ միասին ձեռնամուխ լինեն պողոտայի բացմանը: «Դա այնքան գեղեցիկ է դիտվելու, ճիշտ եմ ասում»,- համոզում էր Վալերի Օսիպյանը:
Իսկ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ցուցարարների հետ զրույցում ասաց, որ ցուցարարներն ազատ են` մասնակցելու աուդիտին, բայց նրանք չեն ուզում, որովհետև փոխվստահության մթնոլորտ չկա, նրանք մտածում են, որ աուդիտին մասնակցողները «ծախված են կամ ծախվելու են»: «Չի կարելի, որոշ մարդիկ գալիս, կանգնում են այստեղ ու հայտարարում` երիտասարդները ծախվեցին իշխանություններին, երեխաները ծախվեցին ոստիկանությանը: Ասեմ ձեզ, որ ոստիկանը ամենամտահոգ քաղաքացիներից մեկն է: Ցուցարարները բոլորը միատեսակ ե՞ն, չէ՞ որ նրանց միջից հայտնաբերեցինք զենքով անձանց»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը:
Լրագրողների հարցին` ինչո՞ւ հենց այսօր որոշեցին մաքրել պողոտան, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Եթե երեկ լիներ, ասելու էինք` ինչո՞ւ հենց այդ ժամանակ: Սա գործողություն չէ, փոխըմբռնման պայմաններում մեր առաջարկները ներկայացրեցինք»:
Հարցին, թե արդյո՞ք ոստիկանության գործողությունները պայմանավորված էին ցուցարարների այն հայտարարությամբ, որ այսօր երեկոյան պատրաստվում են աղբամանները առաջ տանել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակ, ախր դա շատ ծիծաղելի է, դե, թող բերեն մի քայլ առաջ: Լենինի աշխատությունը կարդացե՞լ եք` «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»: