կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 21:42
Քաղաքական

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ բանաձեւ է ընդունել

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ բանաձեւ է ընդունել

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվենցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

 


Ստորև ներկայացվում է բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը.


Չեխիայի Հանրապետության Խորհրդարան
Պատգամավորների պալատ
2015
7-րդ նստաշրջան
76-րդ բանաձև
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 17-րդ հանդիպում
2015թ. ապրիլի 14
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ


Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը


Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով:


Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և ուրիշ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները, 

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին
Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները:


Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան:


Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը:


Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով: