Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 17-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում քննարկվել եւ ձայների` 33 կողմ, 4 դեմ արաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւը:
Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը,
– Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը
– Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
– Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը
– Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան
– Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձևերն ու հայտարարությունները
– Նկատի առնելով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
– Նկատի առնելով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն են կազմում աշխարհում
– Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը և ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար
– Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը,
– Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդկային աղետների ուժգնացումը
Վեհաժողովը
– Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը,
– Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին,
– Շեշտում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում,
– Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է,
– Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանը,
– Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ,
– Համարում է, որ ժողովուրդների միջև հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարևորություն ունի,
– Առաջարկում է Հայաստանին և Թուրքիային կիրառել Եվրոպայի պետությունների միջև հաշտեցման հաջողված օրինակները և կենտրոնանալ ժողովուրդների միջև համագործակցությունը առաջնայնության վրա: