Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին մատուցված պատարագ, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը պատմական հայտարարություն արեց՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վատիկանում տեղի ունեցածը համաշխարհային երևույթ էր: «Հռոմի պապի կողմից մեր նահատակների ոգեկոչման արարողությունը, այդ պատարագը պատմական, քաղաքական, հոգևոր, ազգային մեծ լիցք ուներ իր մեջ: Փաստորեն, Վատիկանի բարձունքից` Սուրբ Պետրոս եկեղեցուց, Հռոմի պապն աշխարհին ազդարարեց, որ, այո՛, տեղի է ունեցել ցեղասպանություն, այո՛, նահատակվել են անմեղ մարդիկ, ունենք անմեղ զոհեր և պետք է ճանաչենք ու դատապարտենք և դրանով կանխարգելենք ցեղասպանությունները»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ իր համար այս պատարագում յուրօրինակ խորհուրդ կար, քանի որ երկրի նախագահը, երկու Վեհափառները Վատիկանում էին: Այնտեղ էին նաև աշխարհի բոլոր տարածքներից Վատիկան ժամանած մեր հայրենակիցները, ովքեր եկել էին խնկարկելու մեր անմեղ զոհերի հիշատակը: «Ես սա կարող եմ համարել հաղթանակ: Մեր դիվանագիտական կառույցն այնտեղ փայլեց, Միքայել Մինասյանի աշխատանքի, մեր կաթոլիկ եկեղեցու համատեղ աշխատանքն այսպիսի արդյունք տվեց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է Շիրազի հայտնի ասածը, որ մենք պետք է դառնանք մեկ բռունցք: Մեր բռունցք դառնալուց Թուրքիան ցնցումների մեջ է ընկնում»,- նշեց Հակոբյանը:
Ըստ նրա` երկրորդ կարևոր խորհուրդն այն էր, որ Գրիգոր Նարեկացուն դասեցին տիեզերական վարդապետների շարքը: Եվ զարմանալիորեն նա 36-րդն է՝ մեր տառերի քանակին համապատասխան: Սա ևս գնահատական էր հայ մշակույթին, հայ պատմությանը, հայ հոգևորականությանը, և դա արվեց կաթոլիկ եկեղեցու կողմից և այն էլ` կաթոլիկ մայրաքաղաքում՝ հոգևոր առաջնորդի կողմից: