կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 13:46
Հասարակություն

Էլ էնտեղ կոպեկ չկա, որ խնայենք, տանք, ի՞նչ անենք, փակե՞նք նախարարությունը. Հրանուշ Հակոբյան

Էլ էնտեղ կոպեկ չկա, որ խնայենք, տանք, ի՞նչ անենք, փակե՞նք նախարարությունը. Հրանուշ Հակոբյան

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ դադարեցվեց «Նոր Հալեպ» ծրագիրը, ինչո՞ւ ներդրումներ չեղան այդ ծրագրում, պատասխանեց.

 

«Եկեք` մոռանանք դա, բայց ի՞նչ առումով` մոռանանք: «Նոր Հալեպ» ծրագիրը պետական ծրագիր չէր, շենքը որոշել էին կառուցել հալեպցիները. 600 հալեպահայ դիմում էր գրել, որ ամեն մեկը կտան 20-30 հազար դոլար` տուն ունենալու համար: Եթե մենք դա չկազմակերպեինք, չէի՞ք ասելու` ինչո՞ւ չեք կազմակերպել, որ նրանք փողոցում չմնան: Մենք կազմակերպեցինք, զրուցեցինք, իրենք գնացին, տեսան ու ասացին, որ Աշտարակում են ուզում այն կառուցել: Մնացածն իրենց խնդիրն էր, մենք այդքանով օգնել ենք իրենց` որպես պետություն, կառավարություն: Առաջին տարում նրանք ոգևորված էին, բայց հետո, երբ կորցրեցին իրենց ունեցվածքը Հալեպում, ձեռքի եղած գումարն էլ ծախսեցին, վախեցան իրենց խնայողություններն այդ ծրագրում ներդնել»:

 

Նախարարն ընդգծեց ևս մեկ անգամ, որ պետությունը չէր որոշել սոցիալական բնակարաններ կառուցել և չի արել դա: «Ուզո՞ւմ եք օգնել, եթե ամեն մեկս երկու-երեք դոլար ներդնենք, դա հնարավոր կլիներ լուծել»,- ասաց նա:

 

Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ նախարարությունն իր բյուջեից չի ներդրել, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մեր բյուջեն կազմում է 600 միլիոն դրամ: Մենք 16 ծրագիր ենք արել ու հազարավոր մարդկանց օգնել…. Էլ էնտեղ կոպեկ չկա, որ խնայենք, տանք: Ի՞նչ անենք, եկեք` փակենք նախարարությունը, եթե այդպես եք ուզում, թող մի տասը հոգու համար բնակարան կառուցեն, բայց դա մոտեցում չի, էլի: Կան, չէ՞, մարդիկ, որ ասում են` ինչո՞ւ են ծախս արել` տոնածառ դրել, բայց դա ընդունելի մոտեցում չէ»:

 

Անդրադառնալով ներդրումների հարցին` նա կարծիք հայտնեց նաև, որ լրատվամիջոցները չեն լուսաբանում հաջողված գործարարներին կամ հաջողված ծրագրերը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ներդրողների` ներդրումներ անելու ցանկության վրա: Նախարարը հարցնում է` ո՞վ է գրում Էռնեկյանի, Թուֆենկյանի բիզնեսի արդյունքների մասին: