Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, նշեց, որ այն առաջին հերթին Քարդաշյանին շատ բան տվեց: «Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան նախ հենց իրեն շատ բան տվեց. նա կարողացավ հայ լինելու զգացողությունը ճաշակել, վերացական հայրենիքը նրա համար դարձավ իրական: Եկավ, տեսավ, զգաց հայրենի հողը, այն ամենը, ինչը կա, կառուցված է այստեղ, և նրա համար սա, կարծում եմ, պետք է անմոռաց լինի»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ Քարդաշյանը Հայաստան էր եկել ամուսնու և երեխայի հետ: «Հայաստան եկավ ամուսնու և երեխայի հետ, եկավ հայրենիք՝ ներկայանալով որպես ընտանիքի մայր: Մյուս կողմից՝ նա հանրահռչակ է: Աշխարհում ունենալով շատ երկրպագուներ` նաև երկրպագուների միջոցով Հայաստանի մասին անընդհատ տեղեկություններ դրվեցին: Այն մարդիկ, ովքեր նրա նկատմամբ ունեն այդքան ջերմ վերաբերմունք, կարծում եմ, կարդալով, լսելով այդ ամենը, կարող է Հայաստան գալու ցանկություն ունենան: Այսինքն՝ զբոսաշրջությանը սա կարող է մեծ օգուտ տալ»,- ընդգծեց Հակոբյանը:
Ըստ նախարարի` կարևոր է նաև, որ այդ օրերին հայտնի շատ թերթեր՝ ամերիկյան, եվրոպական, անդրադարձան այս այցին, այսինքն` ինչ-որ տեղ կարևորեցին նրա` հայրենիք գալու փաստը: «Եվ, իհարկե, էական էր, որ նա այցելեց Ցեղասպանության հուշարձան, և թեկուզ հենց այնտեղից տրված տեղեկատվությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ, անկախ ամեն ինչից, հայ ժողովրդի ցանկացած զավակ, որտեղ էլ լինի, Ցեղասպանության հարցում նույն կարծիքն ունի»,- ասաց նա:
Սփյուռքի նախարարն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ Քարդաշյան քույրերը մինչև անգամ հանդերձանք ընտրելու հարցում էին մտածված գործում: «Շատ կարևոր էր, որ երկու քույրերը` մեկը՝ կարմիրով, մյուսը՝ մուգ հագուստով գնացին Ծիծեռնակաբերդ: Սա խորհրդանշական է: Ես կարող եմ ասել, որ նրա շրջապատը և այն թիմը, որը հավաքվել է նրա շուրջ, փայլուն է աշխատում: Նրանք կարողացան թեկուզ դրվագներ ստեղծել ՝ ամուսնու ջուրը նետվելը, քրոջ լաց լինելը… Նրանք կարողացան նաև իրենց համար ճիշտ PR անել, բայց այս բոլորի մեջ հետաքրքիրն ու հոգևորն այն է, որ նա Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում աղջկան կնքեց: Սա ևս խոսեց նրա ազգային պատկանելության մասին: Նրա մեջ ավելի շատ գերակշռում է հայը, քան ամերիկացին»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով հայտնի The Guardian պարբերականին իր տված հարցազրույցին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իր ասածներից պարբերականը հավանաբար միայն մի մասն է զետեղել նյութում: «Ես ասել եմ նաև, որ Քիմ Քարդաշյանի միջոցով հայտնի դարձավ Հայաստանը, և շատ պարբերականներ անդրադարձան մեր երկրին: Շատ մարդիկ կարող են Հայաստանը շփոթել այլ երկրների հետ, սակայն նաև Քիմ Քարդաշյանի այս այցից հետո Հայաստանն ավելի ճանաչելի է դարձել: Մարդիկ կարող էին գտնվել, ովքեր նույնիսկ չգիտեին՝ մենք քրիստոնյա՞ ենք, թե՞ մուսուլման, ի՞նչ պատմություն ունենք: Այսպիսի այցերը ևս կարող են Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել»,- ասաց նախարարը: