Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ աշխատանքային ուղևորությունների ժամանակ միայն ինքն է մեկնում, իսկ տեղակալները չեն մեկնում, պատասխանեց, որ 2013-ին ինքը ստացել է 24 հրավեր արտերկրի հայկական կառույցներից, սակայն մասնակցել է դրանից միայն 6-ին:
«Խնդրում են, որ անձամբ ես մասնակցեմ: 2014թ. ստացել եմ 44 հրավեր, մասնացել եմ 6-ին, 2015թ. ստացել եմ 22 հրավեր, գնացել եմ մասնակցելու դրանից 3-ին: Ընդհանուր առմամբ, Հայաստանից բացակայել եմ ամիսը 3 օր, որը, կարծում եմ, շատ քիչ է Սփյուռքի նախարարի համար, որովհետև Սփյուռքի նախարարը ամիսը գոնե 10 օր պետք է դրսում լինի: Ինչ վերաբերում է գործուղումներին, ապա նախագահն ու վարչապետն են որոշում, թե իրենց պատվիրակություններում ում ներառեն` նախարարի՞ն, թե՞ տեղակալին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ անցնող տարվա ընթացքում նախարարությունում 46 գործուղում է եղել, որոնցից միայն 18-ին է ինքը մասնակցել, իսկ մնացած գործուղումներին մեկնել են նախարարության աշխատակիցները, վարչության պետերը կամ փոխնախարարները:
Նախարարի խոսքով` եթե Ալժիրից խնդրել են, որ հենց նախարարը դասախոսություն կարդա, հո տեղակալին չէ՞ր ուղարկելու: Սփյուռքի նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ գործուղումները հանրապետության նախագահն ու վարչապետն են որոշում:
«Մենք պետք է շատ մասնակցենք դրսի հրավերներին. ինչքան շատ ենք մասնակցում, այնքան այնտեղ հայերը շատ են ոգևորվում, ուժ են առնում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Իսկ շատ հրավերներից բացակայելը Հրանուշ Հակոբյանը փոխհատուցում է հեռակոնֆերանսներով: «Լավ ձև եմ գտել. ովքեր կանչում են տարբեր միջոցառումների, բայց մենք չենք կարողանում գնալ, ապա պատրաստում ենք տեսահոլովակներ, շնորհավորանքներ ենք պատրաստում և ուղարկում իրենց»,- ասաց նախարարը` հավելելով, որ բազմաթիվ երկրներ կան, որոնց հայկական համայնքներն անընդմեջ հրավիրում են Սփյուռքի նախարարին, սակայն ժամանակի սղության պատճառով չի կարողանում մեկնել:
«Դա մեր աշխատանքն է, ես չեմ կարող գնալ մարզեր, իմ աշխատանքն է գնալ հայկական համայնքներ»,- ասաց նախարարը: