կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 15:08
Մշակույթ

«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը` Genealogy խմբի մասնակիցներին

«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը` Genealogy խմբի մասնակիցներին

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ` նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:

 

Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր Ավստրիա: Genealogy խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ի՞նչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերևա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռեւս գաղտնի է պահվում կազմակերպիչների կողմից:

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության առաջարկով` նկարահանումները տեղի են ունեցել Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը:  Genealogy խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը:

 

Նկարահանումների ընթացքի մասին պատմում են Genealogy խմբի ներկայացուցիչները:

 

Թամար Կապրելյան. «Ընթացքն ուղղակի հիասքանչ էր, այնքան լավ ժամանակ անցկացրինք: Սյուժեն այսպիսին էր` Եսային բարձրացնում էր փաթեթը, արձակում ժապավենը, եւ այդ ընթացքում բոլորս միանում ենք նրան, զարմանքի նշաններ ցույց տալիս եւ ուրախ բացականչում»:

 

Եսայի Ալթունյան. «Երեւի մոտ քսան անգամ նկարահանեցինք տեսարաններից մեկը: Ամեն անգամ նկարահանման ընթացքում փաթեթը բացելիս մի հետաքրքիր բան էինք գտնում ներսում` երբեմն գումար, պլաստիկ քարտեր, դանակ, կամ էլ հեռախոս` տեսառեժիմի վրա դրված, որ մեր էմոցիաները նկարահանի»:

 

Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան. «Եվրատեսիլյան բացիկի նկարահանումներն անցան շատ ուրախ եւ առանց ավելորդ լարվածության։ Ամեն անգամ տեսարաններից մեկը կրկին նկարահանելիս անակնկալ էինք ունենում, ինչն էլ շատ զվարճալի էր»:

 

Վահե Թիլբյան. «Եվրատեսիլյան բացիկը շատ գեղատեսիլ վայրում ենք նկարահանել։ Ըստ էության` այս վայրն էլ հենց բացիկի տեսք ունի։ Շատ լավ անցավ, վայելեցի ողջ ընթացքը»:

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին, որտեղ Հայաստանը կներկայանա երկրորդ համարի ներքո, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 23-ին: