կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 00:56
Հասարակություն

Ջահերով երթի կազմակերպիչների բաց նամակը` Սերժ Սարգսյանին

Ջահերով երթի կազմակերպիչների բաց նամակը` Սերժ Սարգսյանին

«Մեծարգո պարոն նախագահ,

 

- Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,

 

- Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվելէ առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,

 

- Նկատի ունենալով «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,

 

- Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,

 

- Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններովեւգործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններիցեւոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,

 

Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ


ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ