Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ «Genealogy»-ն ստեղծելիս իրենց ոգեշնչել են մրցույթի` «Կառուցել կամուրջներ» կարգախոսը և անմոռուկը: «Մենք էլ որոշեցինք կամուրջներ կառուցել` անմոռուկի թերթիկների միջոցով, արդյունքում` ունեցանք 6 կատարող: Մասնակիցներին գտնելն այնքան էլ դժվար չէր. ընկերների կամ համացանցի միջոցով եմ փորձել նրանց գտնել: Հայաստանյան մասնակցին` Ինգա Արշակյանին, ամենավերջում ենք ընտրել, որովհետև մտածում էինք ընտրել մեկին, ով Հայաստանի սիլմվոլը կլինի, և մենք կանգ առանք Ինգա Արշակյանի վրա: Ինգան կրողն է մեր մշակույթի, ինչպես նաև հայտնի է Սփյուռքում իր հայրենասիրական երգերով»,- ասաց Գասպարյանը:
«Genealogy» խմբի անդամ, Եվրոպա աշխարհամասը ներկայացնող Եսայի Ալթունյանը նշեց, որ իրեն մինչ այս Ֆրանսիայից երկու անգամ առաջարկել էին մասնակցել «Եվրատեսիլ»-ին, բայց ինքը չի ցանկացել: «Երբ ինձ Հայաստանից առաջարկեցին, միանգամից ասացի` այո, քանի որ սա ինձ համար մի նոր պատմության սկիզբ է: Կուզեի ասել, որ բեմում 6 հոգով չենք լինելու, այլ 10 միլիոնով, որովհետև ներկայացնելու ենք բոլոր հայերին: Եկա, որ հաղթենք միասին»,- ասաց նա:
Եսային նշեց, որ մորական կողմի մեծ հայրը 16 տարեկան է եղել, երբ սկսվել է հայերի ջարդը Թուրքիայում: Նրա ծնողներին սպանել են նրա աչքի առջև: «Մեծ հայրս գնացել է անապատ, ապրել բեդուի հետ, իսկ 18 տարեկանում տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ էլ ծանոթացել է մեծ մորս հետ և նոր կյանք սկսել»,- պատմեց Եսային:
Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանն էլ նշեց, որ իր համար հրավերն անսպասելի է եղել, բայց հաճելի: «Փոքր ժամանակ միշտ հետևում էի «Եվրատեսիլ»-ի ընթացքին: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում: 6 հոգով մենք 1 պատմություն ու ճակատագիր ենք ներկայացնելու»,- ասաց երգչուհին:
Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը /Ավստրալիա/ նշեց, որ երբ ստացել է հրավերը, մտածել է` օպերային մրցույթ է լինելու: «Ինձ համար առաջին հերթին երազանք էր գալ Հայաստան, և սա լավ հնարավորություն էր: Ինչ վերաբերում է երգին, ապա յուրաքանչյուրը կարող է իր համար մի իմաստ գտնել դրա մեջ: Ես, օրինակ, այն սիրո մասին երգ եմ համարում: Don't deny-ը պատմում է այն մասին, որ դու քեզ պետք է ընդունես այնպես, ինչպիսին որ կաս»,- նշեց նա:
Մերիի նախնիները 1915-ի դեպքերից հետո կարողացել են Իզմիրից Հունաստան փախչել: «Մայրս ծնվել, մեծացել է Հունաստանում, և նրան որպես հայուհի են մեծացրել, և հենց նրա շնորհիվ էլ սիրել եմ հայկական մշակույթն ու երգը»,- ասաց նա:
Վահե Թիլբյանը /Աֆրիկա/ նշեց, որ երբ Գոհար Գասպարյանից ստացել է նամակ` «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հրավերով, մտածել է` ինչ-որ մեկը կատակում է իր հետ, և երկու օր չի պատասխանել նամակին: «Հետո ասացի` լավ, պատասխանեմ, տեսնեմ` ինչ դուրս կգա, և պարզվեց` կատակ չէ»,- ասաց նա:
Ստեֆանի Թոփալյանն /Ասիա/ էլ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, և իր հայրը միշտ երազել է գալ Հայաստան, բայց չի ստացվել, և հիմա իր ծնողներն ուղղակի հպարտ են, որ գոնե իրենց դուստրն է հայրենիքում: «Միշտ ցանկացել եմ գործունեություն ծավալել ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհում: Հայաստանն այն երկիրն է, որն իմ այցելությունների ցանկում առաջինն է եղել»,- նշեց երգչուհին:
Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանն ասում է` քանի որ ինքն արդեն որոշ չափով փորձառություն ունի մրցույթում, կանի ամեն ինչ` խոչընդոտները հեշտ հաղթահարելու համար: Խոսելով իր արմատների մասին` Ինգան նշեց, որ իր նախնիներն Իզմիրից են և հասցրել են մինչև 1915-ի ջարդը փախչել Արագածոտնի մարզ, որտեղ էլ հաստատվել են հետագայում: