Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ, Հայաստանում ամենաբարձրաստիճան կին Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին` կապված մի քանի օր առաջ ՀՀԿ ժպտերես տիկնանց ծիծեռնակաբերդյան երթի հետ, ասել է. «Ծաղիկներով եւս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար»:
Ուրախ տրամադրությունը տիկին Նաղդալյանը հիմնավորել է այն հանգամանքով, որ իրենց բոլորին ժպտալիս լուսանկարել են ոչ թե Ծիծեռնակաբերդում, այլ դրա ճանապարհին, բացի այդ` իրենք ժպտացել են, «որպեսզի քաջալերեն միմյանց»: Տիկին Նաղդալյանի խոսքերից հետեւում է, որ Ծիծեռնակաբերդի ճանապարհին ժպտալ կարելի է, հատկապես, երբ ճանապարհն ամբողջովին բարձունք է, եւ բնականաբար, ուղեկիցներին բարձրանալու դժվարությունները հաղթահարելու համար պետք է քաջալերել, բայց այ Ծիծեռնակաբերդում իրենք չեն ժպտացել, հետեւաբար, այնտեղ ժպտալ չի կարելի…
Բայց խնդիրը սա չէ: Գոնե իմ խորին համոզմամբ` Ծիծեռնակաբերդում շատերն են ժպտում: Ես շատերին եմ տեսել, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին ոչ միայն իրար անեկդոտ պատմելով, ասել է թե` քաջալերելով բարձրանում են Ծիծեռնակաբերդ, այլեւ հարգանքի տուրքը մատուցելուց հետո Ծիծեռնակաբերդի ֆոնին մի հատ ժպտերես սելֆի են անում, որի տակ հետո պիտի գրեն. «Մեծ մամ եւ պապ, ես Ծիծեռնակաբերդի մեջ եմ, ձեր ասածն ըրեցի… Այստեղ շատ աղվոր է…»:
Խնդիրն իրականում աշակերտներն են, որոնց դասավանդում են այդ օրը տիկին Նաղդալյանի հետ օդում ծաղիկ թափահարած ուսուցչուհիները: Բանն այն է, որ Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այդ տիկնայք, հավանաբար, գնացել են մի տեղ, խմբակային սուրճ խմել, մի քիչ զրուցել, ցրվել, բացառապես միմյանց քաջալերելու համար ժպտացել եւ հաջորդ օրն արդեն գնացել դպրոց: Մտնելով դասարաններ` նրանք, ինչպես միշտ, իրենց աշակերտներին պատմել են, թե ինչ օր է ապրիլ 24-ը, ինչպես է կոտորվել մի ողջ ժողովուրդ, որ սա համազգային սգի օր է, իսկ երբ հետեւի շարքում նստածներից մեկը ժպտացել է կամ ծիծաղել, նրան շատ հնարավոր է դուրս են հանել դասարանից, քանի որ «սա ժպտալու թեմա չէ»: Փաստորեն, այս սերունդ լսում է, որ ապրիլի 24-ին ժպտալ չի կարելի, բայց տեսնում է, որ լավ էլ կարելի է, եւ տեսնում է նրան, ով իրեն դասարանից դուրս է հանում ժպտալու համար:
Այնուամենայնիվ, Ծիծեռնակաբերդը, առավել եւս դրա ճանապարհը գերեզմանոց չէ: Միեւնույն ժամանակ, մեր երկրում կան մարդիկ, որոնց ժպտալու առիթ պետք չէ տալ, պետք է միայն տեղ տալ, թեեւ ամբողջ երկիրն էլ նրանց տեղն է: Իսկ այն, որ նաեւ ծաղիկներով կարելի է դժգոհություն հայտնել եւ պայքարել, այ դա նորություն է: Համենայն դեպս, ոչ ոք ծաղիկ չի նվիրում, որպեսզի արտահայտի իր դժգոհությունը կամ հասկացնի, որ պայքարում է: Այդ պարագայում, երբ ամեն տարի սեպտեմբերի 1-ին դպրոցականներն իրենց ուսուցիչներին ծաղիկ են նվիրում, ուրեմն գուցե դրանով իրենց դժգոհությո՞ւնն են հայտնում կամ այն, որ այդ օրվանից իրենք սկսում են պայքարե՞լ…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ