|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ` 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում կարդում ենք. «Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց: Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրեց նաև կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվեց: Ըստ տուժողի հաղորդման` նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռևս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձևական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ:
Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել: Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու և մարզպետարանից համապատասխան թույտվություններ ստանալու և նոր ձևական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ: Արայիկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Քննությունը շարունակվում է»: