կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-17 14:45
Իրավական

Կաշառքը հայտնաբերվել է Քրեական դատավարության օրենսգրքի մեջ. դատավորը հրաժարվում է ցուցմունք տալ

Կաշառքը հայտնաբերվել է Քրեական դատավարության օրենսգրքի մեջ. դատավորը հրաժարվում է ցուցմունք տալ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի տեսակցությունների վրա արգելանք է դրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Արազյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, տառապում է շաքարային դիաբետով՝ շաքարը նորմայից երեք անգամ բարձր է: Նրա խոսքով՝ Արազյանը պարկեշտ անձնավորություն է, նրա որդին ներկայումս ծառայում է Արցախի մարտական դիրքերում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը:

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, որից հետո ծառայության քննիչի կողմից դատավորը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:

Համաձայն դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին` ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ ԱԽ որոշման մեջ մատնանշված փաստական տվյալների՝ հանցագործության մասին հաղորդումը տվել է Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Շամասուրյանը: Նա  ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի վարույթում: Այս տարվա մարտի 3-ին նշանակված առաջին դատական նիստից առաջ իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել դատարանից մի աղջիկ և ասել, որ ներկայանա դատարան: Արազյանն սկզբից իր հետ զրուցել է քրեական գործից, միաժամանակ հարցրել է, թե արդյո՞ք ինքը մտածում է իր մասին` անմիջապես նշելով. «Պատրաստված արի»:

Ըստ Շամասուրյանի` ինքն այդ ժամանակ չի հասկացել դատավորի ասածի իմաստը: Երկու շաբաթ անց կայացած դատական նիստից հետո Արազյանն անձամբ իրեն կանչել է աշխատասենյակ և նորից ասել, որ պատրաստված գա դատարան, ինչից հասկացել է, որ դատավորն իրենից գումար է ուզում: Սույն թվականի մայիսի 4-ի դատական նիստի օրը` նիստից առաջ, դատավոր Արազյանը, իրեն տեսնելով միջանցքում, կանչել է իր աշխատասենյակ ու ասել, որ կարող է իր նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով, որի դիմաց իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար` պնդելով, որ գումարը տա հենց այդ օրը: Ըստ Շամասուրյանի` ինքը դատավորին ասել է, որ պետք է գումարը ձեռք բերի, և դուրս է եկել աշխատասենյակից: Գումար չի ունեցել և չի իմացել, թե ումից վերցնի: Համարելով, որ դատավոր Արազյանն իր հետ արդարացի չի վարվում` դիմել է ԱԱԾ:

Համաձայն գործի նյութերի՝ 2017 թվականի մայիսի 11-ին` «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում` դատական նիստերի դահլիճում, Լևոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանից անձամբ ստացել է օպերատիվ- հետախուզական միջոցառման շրջանակներում որպես կաշառքի առարկա վերջինիս փոխանցված 600 ԱՄՆ դոլար գումարը, որը Լևոն Ազարյանը վերցրել և դրել է սեղանին դրված գրքի մեջ:

Նույն միջոցառման շրջանակներում առաջարկվել է Լևոն Արազյանին ինքնակամ ներկայացնել Շամասուրյանից ստացված գումարը, որից հետո Արազյանը մատնացույց է արել իր աշխատասեղանին դրված` 2008 թվականի խմբագրության ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որի 132-133 էջերի միջև հայտնաբերվել են նախապես քիմիական մշակման ենթարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 6 հատ թղթադրամներ:

Լևոն Արազյանը, որպես կասկածյալ, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, այդ թվում` ցուցմունքներ չի տվել Գրիգոր Շամասուրյանի հետ 2017 թվականի մայիսի 12-ին կատարված առերեսման ժամանակ: