Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ նախընտրական ծրագիրն են ներկայացրել դաշնակցական գործիչները: Լճաշենցիներին ուղղված խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն ասաց, որ երբ իրենք ասում են «նոր սկիզբ», դա պատահական չէ, քանի որ նոր Սահմանադրությամբ համակարգ է փոխվել, այլևս թագավոր չենք ընտրելու, իսկ հաջորդ տարի ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը չի ունենա այն լիազորությունները, ինչ այս 25 տարիների ընթացքում ունեցել են բոլոր նախագահները:
«ՀՅԴ-ն ցույց է տվել, որ միակ կուսկցությունն է, որ ինչքան վստահության քվե ստացել է ժողովրդից, փորձել է իր ծրագրերն իրականացնել: ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել իշխանություն, ոչ էլ՝ ինքնանպատակ ընդդիմություն»,- ասաց Մանոյանը:
Նրա խոսքով՝ եթե համեմատելու լինեն ՀՅԴ-ն և մյուս կուսակցությունները, ապա չեն տեսնի մի կուսակցություն, որն ունենա հինգ պաշտոն և իրենց չափ բան փոխած լինի: «ՀՅԴ-ն է, որ միշտ ասել է, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, և երբ առիթը եղավ, ՀՅԴ-ն գնաց այդ քայլին՝ ընդառաջ գնալով նախագահի դիմումին՝ ստորագրեց համաձայնագիր»,- նեց Մանոյանը:
Ըստ նրա՝ այդուհանդերձ, ՀՀԿ-ի հետ ունեն տեսակետների տարբերություն՝ կապված Արցախի հարցի հետ: «Չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, չենք ընդունել հայ-թուրքական արձանագրությունները»,- ասաց Մանոյանը, ապա նշեց, որ իրենք կարողացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համահայկական հռչակագիր ընդունել, որում խոսք է գնում հատուցման մասին, Սևրի պայմանագրի մասին:
Ըստ Մանոյանի՝ չկա մի կուսակցություն, որ ընդդիմության մեջ գտնվի և կարողանա համախմբել ընդդիմությանը, իսկ ՀՅԴ-ն 2009 թվականին կարողացել է համախմբել՝ կենսաթոշակային օրենքի ընդունման ժամանակ:
Խոսելով խորհրդարանական համակարգի առավելությունների մասին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ անյպես չէ, որ մի կողմը հաղթելու է, իսկ մյուս կողմը կորցնի բոլոր շանսերը: Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, որ ՀՅԴ-ի համար երկրի ներսում չկան թշնամիներ, կան մրցակիցներ և ընդդիմախոսներ, և իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնց հետ կունենան ընդհանուր հայացքներ:
Ըստ Մանոյանի՝ այսօրվա գործող քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որ իսկապես սոցիալիստական կուսակցություն է, և իրենց նպատակներից մեկն է երկրի հարստության արդար բաշխումը ժողովրդի մեջ: «Կարևոր չէ, թե ինչ է ասվում, կարևորն այն է, թե ով է ասում: Կարևոր է, որ դուք գիտակցեք, թե ում եք ընտրելու: Այդ կաշառքը հետո ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ, կաշառք վերցնելով, ապագա հինգ տարում հարյուրապատիկ հետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպես ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան, ընտրվեն»,- ասաց նա: