կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 17:32
Քաղաքական

Կոշկակարի հոգին մասնատվել է և դարձել «Ժառանգություն». Ալեքսանդր Արզումանյանը հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Կոշկակարի հոգին մասնատվել է և դարձել «Ժառանգություն». Ալեքսանդր Արզումանյանը հիշեց  Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ըստ որի` ԱԺ-ն հայտարարությամբ ընդունում է 1918-1820 թթ. ընդունված հռչակագիրը:

 

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Զարուհի Փոստանջյանը պատրաստ է առաջարկություններ ընդունել, և դրական պատասխան ստացավ:

 

«Կառաջարկեի, որ մենք հետևյալ տեքստն ընդունենք, որ ԱԺ-ն ողջունում ու միանում է այս հռչակագրին»,- ասաց Զաքարյանը՝ առաջարկելով հայտարարության տեքստում փոփոխություններ:

 

ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը հիշեցրեց, որ հանրապետության նախագահը հնչեցրել է այս հռչակագիրը, և հասկանալի է, որ այն ողջ ժողովրդի կողմից ընդունված հռչակագիր է, իսկ իրենք ևս հանրության մաս են կազմում: «Ես Ձեր հայրենասիրական մղումների վրա մի վայրկյան անգամ չեմ կասկածում, բայց պետք չէ նման հայտարարության տեքստ ընդունել»,- ասաց նա` դիմելով Փոստանջյանին:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ կյանքում առաջին անգամ համաձայն է Արտաշես Գեղամյանի հետ:

 

Հանձնաժողովի մյուս անդամ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ հռչակագրի վրա աշխատել է ՀՅԴ-ն, ուստի իրենք չեն կարող դեմ լինել, բայց խնդիրը նպատակահարմարության մեջ է: «Էս տեքստը փոխել չի կարելի, սա փակ տեքստ է, իսկ ընթացակարգը չի ասում` փակ տեքստեր բերեք, ընդունենք: Եթե խնդիր ենք դրել ընդհանրապես հայտարարություն ընդունել, դա ողջունում եմ, բայց պարտադիր չէ քսերոքս անել այն, ինչ կա, կրկնօրինակելը չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է»,- ասաց նա:

 

Ալեքսանդր Արզումանյանը հիշեց իր մանկության տարիները և իրենց հարևան կոշկարարի կրպակը. «Նա շատ հայրենասեր մարդ էր, նրա սենյակում Մասիսի նկարներ էին` ամբողջությամբ, հնդկական ֆիլմերից նկարներ: Միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում: Հիմա, որ բուդդիզմն ուսումնասիրում եմ, ինձ թվում է, որ հայրենասեր կոշկակարի հոգին մասնատվել է ու դարձել «Ժառանգություն»: Ես ընդունում եմ, որ Փոստանջյանի նման հայրենասեր մարդ չկա, պատրաստ եմ ստորագրել այդ հայտարարության տեքստի տակ, բայց, առանց արտգործնախարարության կարծիքի, իրավունք չկա նման հայտարարության տեքստ ընդունել… Վսեմաշուք Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին արտգործնախարարն է եղել, թող հիմքը դներ դոկտրինի փոփոխության: Ափսոս, կեղծվեցին ընտրությունները, որ Րաֆֆին նախագահ լիներ, գուցե արդեն Թուրքիայի կեսը վերցրած լիներ»,- հեգնեց Արզումանյանը:

 

Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանն ամեն անգամ իրենց դժվար կացության մեջ է դնում և հորդորեց արտգործնախարարի հետ քննարկել այս հայտարարության առաջարկը: «Կարող է՝ իրենք ասում են` շատ լավ, գնացեք, հողեր պահանջեք»,- հեգնեց նա:

 

Ի վերջո, հանձնաժողովը Զարուհի Փոստանջյանի հետ եկավ այն եզրակացության, որ նախագիծը հետաձգվում է մեկ տարով, և Արտակ Զաքարյանի այն առաջարկը, որ ԱԺ-ն պարզապես միանում է հռչակագրին, դեռ կքննարկվի երեքշաբթի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, և եթե դրական եզրակացության արժանանա, ապա կընդգրկվի առաջիկա քառօրյայի օրակարգում: