կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 14:49
Քաղաքական

Մեզանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո. Ալեքսանդր Արզումանյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

Մեզանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո. Ալեքսանդր Արզումանյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

Մեզանում, ցավոք, խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո. լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը' անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանն ու հայտարարություններին:

 

Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանը խոսելու ու իշխանությունների գործունեությունը քննադատելու բարոյական իրավունք չունի, Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Ես, ճիշտն ասած, այս կամ այն գործչի խոսելու  բարոյական իրավունքից խոսելը համարում եմ... Ես ինքս Քրիստոսը չեմ, որ նման գնահատականներ տամ»:

 

Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջ քաշած հարցերին, ապա բանախոսը նշեց, որ երկրորդ նախագահը բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ առաջադրեց, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի հետ հայտնի բանավեճում, որոնք իր օրոք են իրականացվել, և շատ ավելի կարող էր ճակատագրական լինել Հայաստանի համար, եթե այն ժամանակ ինքը ԿԲ կառավարչին գործից ազատեր ու ասեր' փուչիկներ մի' ստեղծիր:

 

Ալեքսանդր Արզումանյանը բերեց նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրինակը' նշելով, որ նույն Վարդան Օսկանյանը, որին ինքը շատ հարգում և համարում է մեր լավագույն արտգործնախարարներից մեկը, իր բոլոր սուր ու կոռեկտ գնահատականները տալիս է 2008 թվականից հետո:

 

«Ամբողջ տասնամյակը, երբ ինքը պաշտոնավարում էր, որևէ խնդրից չէր խոսում' ո'չ քաղբանտարկյալներից, ո'չ փողերի լվացման մեղադրանքներից, որևէ խնդիր չէր արծարծում: Բայց հիմա մեզ պես շատ ողջունելի հայտարարություններ է անում: Նույնը` Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ինչ մնում է խոսելու իրավունքին, ապա նա, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, և դուք որոշեք այդ իրավունքի աստիճանը»,- եզրափակեց պատգամավորը: