Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվայում կայացած` սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճած Աշոտ Դանիելյանի պարգևատրության արարողության ժամանակ 3-րդ մրցանակին արժանացած ադրբեջանցի մարզիկ Բահթիյար Աբասովը Հայաստանի օրհներգը հնչելու ողջ ընթացքում պատվանդանին եղել էր կքանստած վիճակում:
Այն փաստը, որ դրանով ադրբեջանցի մարզիկը որոշել էր իր արհամարհանքն արտահայտել Հայաստանի հիմնի նկատմամբ, թերևս չէր հասկացել միայն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Նա yerkir.am-ին տված հարցազրույցում, ստանձնելով Աբասովի յուրատեսակ փաստաբանի դերը, նշել էր, թե դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում. «Եթե մենք համարում ենք, որ նրանք մեզ թշնամի են, և նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, ապա կարելի է ենթադրել, որ կարող էր և հայ մարզիկն այդպես վարվել: Մենք չենք կարող ինչ-որ մեկից պահանջել, որ սիրեն մեզ: Միջազգային սպորտում մենք պետք է զիջումների գնանք և հասնենք փոխադարձ հարգանքի»:
Դժվար է ասել՝ Հայրապետյանն այս մտքերն արտահայտելիս եղել է ալկոհոլի՞, թե՞ ինչ-որ այլ բանի ազդեցության տակ: Որովհետև նախ` նորմալ վիճակում մարդը դժվար թե հնարավոր համարեր, որ հայ մարզիկը ևս կարող էր իրեն նման ստորություն, սպորտի ոգուն անհարիր պահվածք թույլ տալ, կամ սեփական երկրի հիմնը որևէ մարզիկի կողմից պպզած վիճակում լսելը փոխադարձ հարգանքի և փոխզիջման դրսևորում համարել, և երկրորդ` դժվար է պատկերացնել, թե ինչպես է մարդը մի օր հայտարարում, որ դրանում խնդիր չի տեսնում, իսկ հետո պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բողոք է ներկայացրել սամբոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաներին:
Բոլոր դեպքերում աբսուրդային է թվում, թե ինչու էր Հայրապետյանն այսպես մարտիրոսաբար, կրծքով պաշտպանում ադրբեջանցի մարզիկին: Սամբոյի ֆեդերացիայի նախագահը, թերևս փորձում էր տպավորություն ստեղծել, թե ադրբեջանցիների նման արարքը չի կարող խոչընդոտ ստեղծել Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպայի խաղերին Հայաստանի մարզիկների և պատվիրակության մասնակցության համար: Ու որպեսզի լուծի այդ խնդիրը, Հայրապետյանը հայտարարում էր, թե պարգևատրման արարողությունից հետո ոչ միայն Աբասովն է մոտեցել իրեն և Աշոտ Դանիելյանին ու ներողություն խնդրել, այլև Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանը: Գուցե և իսկապես նրանք հերթ են կանգնել՝ Հայրապետյանից ներողություն խնդրելու համար: Բայց շեշտելով այդ հանգամանքը, ինչը կարող էր առհասարակ չանել խնդրի լրջությունը սրելու համար, ֆեդերացիայի նախագահն ակնհայտորեն նպատակ ուներ մեղմելու հայաստանյան հասարակության ցասումը թե' ադրբեջանցիների այդ պահվածքի, թե' ազգային ու պետական արժանապատվությունը վիրավորելու այդ ակտն հենց տեղում իր կողմից, փաստորեն, կուլ տալու փաստի նկատմամբ:
Իր երկիր վերադառնալուց հետո ադրբեջանցի մարզիկը հպարտությամբ հայտարարել է, որ եթե նորից կրկնվի նման իրավիճակ, նույն կերպ կվարվի: «Ի՞նչ եք կարծում, մի՞թե ես պետք է Հայաստանի հիմնը կանգնած լսեի: Իհարկե` ոչ: Ես դիտավորյալ եմ նստել: Այդ բնավորության գիծն իմ արյան մեջ է: Եթե ադրբեջանցիներից որևէ մեկը կանգնած կլսի Հայաստանի օրհներգը, ուրեմն նա ադրբեջանցի չէ»,-ասել է Աբասովը:
Հայաստանի ներկայացուցիչներից ներողություն խնդրելու մասին Հայրապետյանի պնդումը հերքել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովը՝ նշելով, թե պարգևատրման արարողության ժամանակ ինքն արդեն դահլիճից դուրս եկած է եղել ու որևէ պատճառ չուներ ներողություն խնդրելու:
Դժվար է հավատալ, որ ադրբեջանցի մարզիկի այս պահվածքը պարզապես պահի տակ կայացված էմոցիոնալ որոշման արդյունք է: Առանց պատվիրակության և մարզչական խմբի թույլտվությունն ունենալու, նա չէր համարձակվի նման քայլի դիմել՝ հասկանալով, որ եթե իր արարքը բողոքարկվի, կարող է ոչ միայն զրկվել մեդալից, այլ նաև որակազրկվել մի քանի մրցաշրջանով, ինչը, ի վերջո, դատելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովի՝ Report-ին տված պարզաբանումից, տեղի կունենա առաջիկայում: Ըստ ամենայնի՝ սա արվել է Բաքվում անցկացվելիք Եեվրոպական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունը տապալելու նկատառումով: Այսինքն՝ դիմել այնպիսի պրովոկացիաների, որոնց ազդեցությամբ ՀԱՕԿ-ը կփոխի Բաքու մեկնելու որոշումը: Թերևս պատահական չէր, որ դրանից առաջ էլ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ խաղերի կրակը վառելու պատիվը վերապահվել է Ադրբեջանում հերոսացվող, քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
Ադրբեջանը չի ցանկանում հայաստանյան մարզիկներին Բաքվում տեսնել ոչ միայն այն պատճառով, որ վստահ չէ նրանց անվտանգությունն ապահովելու հարցում, այլև` որ շատ ավելի էական է՝ պատրաստ չէ լսել Հայաստանի հիմնի հնչեցումը Բաքվում: Նախկինում` կոնկրետ 2011թ., Հայաստանի մարզիկները Բաքվում հաղթանակներ տարել են, բայց ոչ եզրափակիչներում: Այն ժամանակ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում միայն հայազգի Միշա Ալոյանը կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Բայց նա ներկայացնում էր ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանի Դաշնությունը: Ներկայիս Ադրբեջանը, այն չէ, ինչ 2011թ.: Հիմա գործ ունենք, բառի բուն իմաստով, հակահայկականության «ախտով» տառապող, տիպիկ քսենոֆոբ, ֆաշիստական հասարակության հետ, որը հերոսացնում է անգամ անմեղ երեխայի սպանությունը, եթե զոհը ազգությամբ հայ է:
Ընդամենը երկու օր առաջ այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել է, թե հանդես է գալու ապրիլի 24-ին Չանաքքալեի հաղթանակի օրը Բաքվում նշելու նախաձեռնությամբ: «Հրավառությունների վրա մի քանի հազար մանաթ ծախսելուց մենք չենք աղքատանա»,- ասել էր այդ պատգամավորը՝ Փազիլ Մուստաֆան:
Այս մթնոլորտում ու այս ամենից հետո է, ահա, հայկական պատվիրակությունը որոշել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի խաղերին, որտեղ մեզ չեն սպասում ու դա հասկացնում են` Աբասովի պպզելով: Իհարկե, ոմանք կարող են պնդել, թե կարևորը հաղթելն է. թող մեր տղաները հաղթեն, իրենք ինչքան ուզում են՝ պպզեն: Գուցե և դրա մեջ իմաստ կա, թեև դրանից առաջ նախ պետք է հաղթել, ինչը մեզ երբեք չի հաջողվել անել Բաքվում՝ հոգեբանական ճնշման տակ գտնվելու պատճառով: Բայց եթե անգամ այդպես է, նախ պետք է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հայկական պատվիրակությունը նույնպիսի հանդուրժողականություն կցուցաբերի, եթե հայ մարզիկներից մեկի հաղթանակի պատվին հնչի Հայաստանի հիմնը, և տրիբունաները որոշեն պպզել, էլ չենք խոսում հնարավոր շատ ավելի լկտի արարքների մասին: Արդյոք սպասելո՞ւ են՝ վերադառնան Հայաստան, նոր ինչ-որ քայլեր ձեռնարկեն, այն էլ` թերևս կողքից հուշումների կամ վերևից վարչական ճնշում գործադրելու արդյունքում: Ումի՞ց են նեղանալու մերոնք: Ադրբեջանիցների՞ց, որոնք արդեն անարգել իրենց հայատյացությունը տեղափոխում են միջազգային սպորտ ու կարծես հավակնում դա դարձնել վարքագծային նորմա, միջազգային ֆեդերացիաների՞ց, որոնք, չգիտես` ինչու, միայն ազգային ֆեդերացիաների բողոքից հետո են որոշում արձագանքել, թե՞ իրենք իրենցից, որ ազգային արժանապատվությունը պաշտպանելու փոխարեն ընտրում են դիտորդի կարգավիճակը և առյուծ կտրում միայն հայրենիք վերադառնալուց հետո:
Գևորգ Դարբինյան