|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ընդ որում՝ թվում էր, թե որ Ադրբեջանը միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:
Ալիևը, հատկապես վերջին շրջանում, ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:
Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլ հավելյալ խոցելիություն է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար»:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») այս տարի անցկացվում է Ադրբեջանում։
Հիշեցնենք՝ աշխարհասփյուռ հայությունն այս օրերին համաժողովի մասնակիցներից պահանջում է ճնշում գործադրել ցեղասպան Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու Բաքվում ապօրինի պահվող անձանց, դադարեցնի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը Արցախում և ապահովի բռնագաղթված արցախահայության` հայրենիք վերադարձի իրավունքը։
Հայտնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը հայտնել են, որ չեն մասնակցի COP29-ին։