կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 10:16
Իրավական

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախաքննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։

 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Ա.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: