կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 13:22
Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյանը ներում է Վեհափառին և Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը ներում է Վեհափառին և Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ներում է Սերժ Սարգսյանին և Վեհափառին, քանի որ Մեծ պահքի շրջանն է: «Մեծ պահքն է: Ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության համար: Ներում եմ նաև Վեհափառին Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդումով ներկայացնելու համար»,- հայտարարեց նա:

 

Հովհաննիսյանը նշեց, որ իր բացակայության ժամանակ տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդատվություն Սերժ Սարգսյանի և վարչության երկու անդամների` Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի միջեւ: «Իմ բացակայության ժամանակ կուսակցության լիազորություններն իրականացրել է Արմեն Մարտիրոսյանը: Ես` ինքս, չէի գնա նման հանդիպման, բայց նաև տեղյակ էի դրա կայացման հնարավորության մասին, բայց որ հանդիպումը եղել է, տեղեկացա միայն դրանից հետո: Ես այդ ժամանակ օդանավի մեջ եմ եղել: Գիտեի, որ այդ հանդիպման մեջ կան խութեր, բայց կարող եմ ասել, որ մենք բաց ենք բոլոր կուսակցությունների հետ համագործակցելու մեջ: Մեզ մոտ կա ազատություն»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե ինքը՝ Հովհաննիսյանը, դեմ է եղել, սակայն կուսակցության անդամներն, այնուամենայնիվ, գնացել են հանդիպմանը, կուսակցության ղեկավարը պատասխանեց` ինքն առաջարկել է կուսակցության կոլեգիայով որոշում կայացնել: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց դիրքորոշումը մնում է նույնը` Սերժ Սարգսյանը չունի լեգիտիմություն` սահմանադրական փոփոխություններ կատարելու համար:

 

«Չնայած նրան, որ «Ժառանգություն»-ը կողմ է խորհրդարանական կառավարման ձևին, այս պարագայում մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին: Հայտարարում եմ` մենք չենք մասնակցելու այդ խաղերին: Մեր տեսակետներն ու պահանջներն իրենք գիտեն: Մենք այլևս չպետք է հանդիպենք և նկարահանվենք շարանով, որպեսզի հետո ցույց տան: Մենք սխալ ենք եղել, չպետք է հանդիպեինք: Մենք դեմ ենք իշխանության վերարտադրությանը»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: