կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 19:08
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկությունը Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկությունը Սերժ Սարգսյանին

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց, իր խոսքերով, վերջին առաջարկը` պահանջների այն նվազագույն շեմը, որ ներկայացվում է Սերժ Սարգսյանին:

 

Այդ առաջարկը` գրավոր, Րաֆֆի Հովհաննիսյանն ուղարկեց հենց Ազատության հրապարակից, քանի որ, ինչպես նա հայտարարեց, իշխանությունների խնդրած խորհրդապահական, գաղտնի նամակագրությունը հենց իրենք բացեցին: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսուհետեւ հենց այդպես է լինելու մոտեցումն ու քաղաքականությունը` բաց ու հրապարակային, ժողովրդի աչքի առջեւ: Այնուհետեւ նա ընթերցեց այն փաստաթուղթը, որ պետք է ուղարկվեր Սերժ Սարգսյանին:

 

«Մի քանի րոպեից ուղարկելու եմ պարոն Սարգսյանին եւ առաջարկեմ` մենք ժողովրդի հետ պատրաստ ենք Ձեզ հետ կես ճանապարհին հանդիպել եւ միասին համազգային այս խնդրին լուծումներ տալ` այս փողասիրությունը, մենաշնորհները, արտագաղթը, անարդարությունները վերացնելու համար: Ժողովուրդը դա է ուզում, եւ ես էլ` որպես մի մասնիկ: Քա’յլ կատարեք, ռազմավարական նշանակության մոտեցում դեպի ժողովուրդ, դեպի ինքնամաքրում»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա հրապարակային իր խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին ու ասաց, որ նույնիսկ գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ, եթե նա ուզում է շարունակել պաշտոնավարել` որպես դե ֆակտո նախագահ, չունենալով ժողովրդի քվեն, նաեւ այդ հնարավորությունը պետք է տա Սերժ Սարգսյանին:

 

«Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում կամ առաջին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս տարվա ընթացքում: Մինչ այդ ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, վերացնել մեծամասնական ընտրական համակարգը եւ ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգի անցնել, մատյաններում ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակում, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների քվեարկության ապահովում կամ էլ, նվազագույնը, ընտրացուցակներից նրանց անունների հանում, որպեսզի նրանց բացակայության դեպքում չանեն այն, ինչ արեցին հարյուրավոր ընտրատեղամասերում, երբ անամոթաբար լցոնեցին մեր բացակա հայրենակիցների հաշվին:

 

Երկրորդ` առնվազն 5 մարզպետերի ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված մարդկանց նշանակում:

 

Երրորդ` հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները:

 

Չորրորդ` բոլոր ընտրակեղծարարների` առանց բացառության, այդ թվում` մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության:

 

Հինգերորդ` կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի` հանձին Հովհաննիսյանի, ներկայացրած անձանց` ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ եւ հակակոռուպցիոն հանձնաժողով:

 

Վերջին կետով` սույն պայմանագիրն անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»,- կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նաը հենց Ազատության հրապարակում` ժողովրդի աչքի առջեւ, ստորագրեց իր առաջարկությունը, այն դրեց ծրարի մեջ եւ ուղարկեց Սերժ Սարգսյանին: