կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 12:26
Տնտեսական

Արտոնյալ «կարգոներն» ու «քաշված» առևտրականները

Արտոնյալ «կարգոներն» ու «քաշված» առևտրականները

Կառավարությունը շրջանառության հարկի ձեռքը կրակն էր ընկել: Օրենքի առանձին դրույթներ կասեցվեցին, հետո ամբողջ օրենքի կիրառումը հետաձգվեց, ու վերջում կառավարությունը ԱԺ բերեց մի օրենք, որից հետո, կարծես, համատարած լռություն ու համաձայնություն է: Բայց իրականում օրենքում փոփոխությո՞ւնն էր, որ ստիպեց առևտրականներին լռել, թե՞ իրականում այլ գործոններ էլ կան: Առհասարակ, ի՞նչ է տալիս այս օրենքը ՓՄՁ ներկայացուցիչներին:

 

Հիմա` ամեն ինչի մասին հերթով: Սկզբում շեմը սահմանված էր 58 միլիոն դրամ, ու պարտադրվում էր, որպեսզի առևտրականները պարտադիր փաստաթղթավորեին իրենց արտադրանքը: Ոտքի ելած առևտրականները բողոքում էին, որ իրենք փաստաթղթեր չեն կարող տրամադրել և ոչ իրենց մեղքով պետք է տուգանվեն: Կառավարությունն էլ խոստովանում էր, որ այս քայլով ինքն ուզում է խոշորին բերել հարկման դաշտ: Ենթադրվում էր, որ նոր օրենքով կառավարությունը պետք է կատարեր երկու քայլ, որպեսզի դեմ չգնար իր սկզբունքներին: Նախ` առևտրականների համար սահմաներ արտոնյալ պայմաններ, միաժամանակ, խոշորին կարողանար բերել հարկման դաշտ:

 

Այս օրենքը, կարելի է ասել, սկզբունքորեն չի լուծում ո'չ առաջին, ո'չ էլ երկրորդ խնդիրը: Ի՞նչ է ասում նոր օրենքը. եթե ուզում ես աշխատել փաստաթղթով, ապա կվճարես 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ եթե` առանց փաստաթղթի, ապա` 5 անգամ շատ: Իսկ շեմը 58 միլիոն դրամից բարձրացվեց մինչև 113 միլիոն դրամ:

 

Բերենք օրինակ` առևտրականը Թուրքիայից, Դուբայից կամ Չինաստանից ապրանք է ներկրում: Հայաստանում այսօր գործում են թվով 5 խոշոր բրոքերային կազմակերպություններ, որոնք, ըստ էության, աշխատում են ոնց խելքները փչի: Օրինակ` Թուրքիայից ներկրված ապրանքը, ըստ օրենքի, պետք է մաքսազերծվի հսկիչ գներով: Եթե դուք Թուրքիայից ներկրում ենք ջինսե տաբատ, ապա դրա մաքսազերծման համար պետք է վճարեք տվյալ ապրանքի համար սահմանված գնի 32 տոկոսը: Այսինքն` եթե այդ տաբատն արժե 10 դոլար, ապա դրա համար վճարվող հարկը կազմելու է 3.2 դոլար: Եվ այսպես` յուրաքանյուր ապրանք առանձին-առանձին, հատ առ հատ: Ի՞նչ է կատարվում հիմա: Բրոքերային կազմակերպություններին առևտրականները վճարում են նույն 3.2 դոլարը կամ մի փոքր ավելի, բայց ոչ թե մեկ հատ ջինսի, այլ 1 կգ ջինսի համար: Սա ձեռնտու է թե' բրոքերային կազմակերպությանը, թե' առևտրականին և թե' սպառողին:

 

Հիմա, երբ կառավարությունը պահանջում էր փաստաթուղթ ներկայացնել ներկրված ապրանքի համար, ուղղակիորեն ստիպում է առևտրականին այն ձեռք բերել հենց բրոքերային կազմակերպությունից: Սակայն այս ոլորտի ցանկացած ընկերություն որևէ փաստաթուղթ չի պատրաստվում տրամադրել, այդ դեպքում առևտրականին ուղղակի ասվում է հետևյալը. «Գնա, ուրիշ կազմակերպությունով բեր քո ապրանքը»: Եվ առևտրականին մնում է Թուրքիայից շալակած բերել սեփական ապրանքը:

 

Այսօր առևտրականները նշում են, որ պատրաստ ենք օրինական կերպով մաքսազերծել սեփական ապրանքը: Այս պարագայում, ճիշտ է, հագուստի գները կբարձրանան, բայց պետական բյուջեի գումարները կավելանան մի քանի անգամ: Հաշվեք ինքներդ. օրինական մաքսազերծման դեպքում Հայաստան մտնող ջինսե տաբատից 3 դոլարը կգնա բյուջե, որը երկարաժամկետում զգալի կավելացնի բյուջեի եկամուտները, ինչը կազդի աշխատավարձերի և կենսաթոշակների վրա, և այդ թանկացումը որոշ ժամանակ անց սպառողը չի էլ զգա: Իսկ հիմա 1 կիլոգրամի համար սահմանված 3 դոլարի մի մասը մտնում է բրոքերային կազմակերպությունների գրպանը, իսկ մյուս մասն էլ` դրանց հովանավորողների:

 

Մեկ այլ հանգամանք ևս` Թուրքիա մեկնող առևտրականներն այսօր շատ հանգիստ կարող են այնտեղից վերցնել իրենց գնած ապրանքի համար փաստաթուղթ` ֆիքսված գներով: Այդ կերպ վարվում են, օրինակ, վրացիները, և այնտեղ ապրանքի վրա կիրառվող մաքսատուրքը հաշվարկվում է հենց ձեռք բերման գնի վրա:

 

Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիայում այսօր հագուստը մի քանի անգամ էժան է, և եթե տվյալ փաստաթուղթը այստեղ հիմք ընդունեն, ապա հագուստի թանկացում տեղի չի ունենա, բյուջեն կլցվի փողերով, իսկ բրոքերային կազմակերպություններն էլ կստանան իրենց փոխադրման համար հասանելի գումարը: Այս խնդիրը հասկանում են շահագրգիռ բոլոր կողմերը:

 

Հիմա կառավարությունը փաստաթղթավորումը թողեց կամավոր ընտրության վրա, բայց բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ այդ փաստաթուղթը առևտրականները չեն կարողանա ձեռք բերել: Այս դեպքում առևտրականների համար ստեղծվեց մեկ այլ անցանկալի վիճակ. նրանց հարկային բեռը կառավարությունը բարձրացրեց 5 անգամ, ու սա մի պարագայում, որ խոսքը գնում էր հարկային բեռի թեթևացման մասին:

 

Մի խոսքով` նոր օրենքը գուցե բովանդակությամբ լավն է, բայց այս օրենքով ոչ մի խնդիր, այնուամենայնիվ, չի լուծվում: Բրոքերային կազմակերպությունները շարունակելու են իրենց արտոնյալ գործունեությունը, առևտրականները 5 անգամ ավելի հարկ են վճարելու, իսկ սպառողներն էլ, համապատասխանաբար, հագուստը գնելու են նոր` բարձրացված գներով:

 

Գ.Խ.