կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 14:18
Հասարակություն

ՊԵԿ նախագահը պնդում է՝ առևտրականները պետք է հարկերը վճարեն, առևտրականները պահանջում են նրա հրաժարականը

ՊԵԿ նախագահը պնդում է՝ առևտրականները պետք է հարկերը վճարեն, առևտրականները պահանջում են նրա հրաժարականը

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊԵՆ նախագահ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկեր վճարեն:

«Հարկերից խուսափելու առումով` եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի, ակցիա անելով, խուսափել հարկերից։  Դա բացառվում է»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ և նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։ «Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Նա նաև նշեց, որ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է։ «Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ «Առինջ մոլ»-ի վաճառականները Ազգային ժողովի մոտ ցույց են անում՝ բողոքելով հարկային ծառայության գործողություններից: Վաճառականների բողոքի պատճառն այն է, որ հարկային ծառայությունը պահանջում է յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել: Վաճառականների խոսքով՝ սա ավելորդ թղթաբանություն է, որի համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն: Ի դեպ, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները պահանջում են նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականը: