կարևոր
382 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-27 15:45
Հասարակություն

Քննարկվել են առաջ քաշված բոլոր վարկածները․ ՆԳՆ խոսնակը՝ Մերձավանի դեպքով շրջանառվող լուսանկարի մասին

Մամուլը գրել էր, որ կասկածյալների կլանը, պարզվում է, սերտ կապերի մեջ է եղել թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև լուսանկարը։ Նկարում ՔՊ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի, և Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հարց ուղղվեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին։ Վերջինս ասաց, որ տեսել է լուսանկարը․ «Քննարկվել են առաջ քաշված բոլոր վարկածները․ բացառելով ենք հասել այս պնդմանը։ Բաժնում ստեղծված օպերատիվ խումը 24-ժամյա կապի մեջ է եղել համայնքապետի ընտանիքի հետ ու ցանկացած վարկած, տեղեկատվություն, արագ ճշտվել ու պարզաբանվել է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։

Այսօր ՔԿ-ից հայտնեցին, որ  Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։