կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 15:55
Քաղաքական

Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որ դու մենակ չմնաս. Ջհանգիրյանը` Փոստանջյանին

Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որ դու մենակ չմնաս. Ջհանգիրյանը` Փոստանջյանին

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը:

 

Փոստանջյանը նշեց, որ հայ իրավապահ մարմինները դատապարտվել են անգործության և ոչ մի քայլ չեն ձեռնարկում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու ուղղությամբ

 

«Խախտվել են թե' ՀՀ սահմանադրությունը թե' մեր օրենքները: Իրավական ընթացակարգը մատնանշում է, որ ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պետք է վերցնեն ձերբակալման որոշումը, գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պեմյակովին, պետք է նրան տանեն ժամանակավոր պահման մեկուսարան, այնուհետև` քրեակատարողական հինարկ: Սա է պահանջում ՀՀ օրենսդրությունը, որն այս պահի դրությամբ մեր իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել»,- ասաց Փոստանջյանը:

 

Խոսելով Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակի մասին` նա նշեց, որ ինքը ո'չ այդ նամակն է տեսել, ո'չ էլ այդ նամակի պատասխանը: «Ես չգիտեմ, թե ՀՀ գլխավոր դատախազըն ինչ դիմում է ներկայացրել իր ռուս գործընկերոջը, բայց նա Գյումրիում հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու, որ Վալերի Պերմակովին փոխանցեն Հայաստանին: Հետո մենք մամուլից տեղեկացանք, որ նա նամակ է գրել Ռւոսաստանի գլխավոր դատախազ Չայկային, սակայն ո'չ այդ նամակն ենք տեսել, ո'չ էլ այդ նամակի պատասխանը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ, բացի սպանության գործից, պետք է քրեական գործ հարուցել նաև սահմանը ապօրինի լքելու վերաբերյալ:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մի քանի հարց ուղղեց նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանին: Նա հիշեցրեց միջպետական պայմանագիրը: «Եթե մենք նայում ենք միջպետական պայմանագրերը, եթե ձերբակալումը կատարվել է ՀՀ-ի իրավապահ մարմիների կողմից, ապա ձերբակալվածը գտնվում է մեր իրավազորության ներքո, եթե ՀՀ տարածում ձերբակալումը կատարվել է ռուսական բազայի կամ ռուս իրավապահ մարմինների կողմից, ապա նա գտնվելու է ռուսական իրավապահների հսկողության ներքո»,- ասաց Ջհանգիրյանը և նշեց, որ այսօր շատ մարդիկ նման նախագծերով թյուրիմացության մեջ են գցում Ավետիսյանների հարազատներին:

 

«Թյուրիմացության մեջ Դուք եք փորձում գցել»,- պատասանեց Փոստանջյանը:

 

«Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որ դու մենակ չմնաս, իմ հետ մի' վիճի»,- ասաց Ջհանգիրյանը:

 

Փոստանջյանն էլ արձագանքեց, որ ինքը մենակ մնալուց չի վախենում: