կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 12:37
Քաղաքական

Գագիկ Ջհանգիրյանը կողմ է քվեարկում, որ «Էդմոն Մարուքյանը չհուսահատվի»

Գագիկ Ջհանգիրյանը կողմ է քվեարկում, որ «Էդմոն Մարուքյանը չհուսահատվի»

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել քրեական դատավարության օրենսգրքում:

 

«Ներկայացված նախագծով քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը և միաժամանակ պարզաբանել քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»,- ասաց Մարուքյանը և հավելեց, որ չկա սահմանված դատավարական կարգ, որ քննիչները տուժողին պատշաճ կերպով ծանուցեն քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը:

 

«Կարծում եմ` օրենքի նախագծի ընդունմամբ այն օրենսդրական կարգավորում և ամրագրում կստանա»,- ասաց պատգամավորը:

 

Հարակից զեկուցող` պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ կողմ է նախագծի ընդունմանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին, որ Էդմոն Մարուքյանը չհուսահատվի: «Քանի որ նախորդ հանձնաժողովի նիստին ինքն ասաց, որ հուսահատվել է, հիմա ես վախենում եմ դեմ արտահայտվել և հուսահատության գիրկը գցել մեր գործընկերոջը»,- ասաց նա և հավելեց, որ, քրեական դատավարության օրենսգրքում նման կոսմետիկ փոփոխություններ անելով, Ազգային ժողովը չի կենտրոնանում գլխավոր խնդիրների վրա:

 

«Մենք հիմնականը թողել` երկրորդականի հետևից ենք ընկել: Էս մեր աշխատանքի կազմակերպման պատճառն այն է, որ Ազգային ժողովը քափ ու քրտինքի մեջ օրենքներ է ընդունում, բայց ոչ մի հարց չի լուծում, քանի որ, կարևոր հարցերը թողած, ընկել ենք կոսմետիկ հարցերի հետևից»,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց. «Առաջարկությունը լավն է, կողմ եմ, մանավանդ, որ հոգեբանական պրոբլեմներ չստեղծենք մեր գործընկերոջ համար»:

 

Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության և պետաիրավական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից դրական եզրակացություն ստացավ ու մտավ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: