կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 16:13
Քաղաքական

ՀՅԴ-ն կողմ չի քվեարկելու բյուջեի նախագծին

ՀՅԴ-ն կողմ չի քվեարկելու բյուջեի նախագծին

Ցավալի է, որ բյուջեի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչները սակավաթիվ են, ինչը խորհրդարանին մտածելու տեղիք պետք է տա. 2016-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա` իրենք նախորդ քննարկումների ժամանակ էլ են իրենց գնահատականները տվել եկող տարվա բյուջեին: «Եկող տարվա բյուջեն նախորդ տարվա բյուջեն կրկնում է: Շատ համեստ, բացասական առումով աչքի ընկնող է, որը որևէ դրական զարգացում չի նախատեսում: Ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը միայն, որի դեպքում 91 տոկոսը 9-ի հարաբերվում, արդեն ամեն ինչ ասում է: Կան աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողություններ, չենք կարող դրանք շրջանցել, բայց հարց է` ո՞ր մասն է կազմում դա, իսկ որ մասն է կառավարության անարդյունավետության, մեր ներքին ռեսուրսների անարդյունավետ օգտագործելու արդյունքը»,- ասաց ՀՅԴ-ականը` հավելելով, որ հենց այս հարցերը պետք է հետաքրքրեն կառավարությանն ու խորհրդարանին:

Վարդանյանը նշեց, որ մտահոգիչ է արտաքին պարտքի շարունակական աճը: «Մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորս համակերպվում ենք, որ սա այն շեմն է, այն նվազագույնն է, որից պետք է երկու ճանապարհ լինի: Մեկն այն է, որ բոլորս իսկապես ձգենք մեր գոտիները և աշխատենք այնպիսի արդյունավետությամբ, որ հիմքեր ստեղծենք զարգացման, տնտեսության աշխուժացման, աշխատատեղերի ստեղծման համար, և մյուսը`ձև անենք, թե դա ենք անում և յոլա գնալու, իշխանությունը շարունակելու մարտավարությամբ հանդես գանք»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Նա նշեց, որ զերծ կմնա գնահատականներից, իսկապես ժամանակ է պետք` հասկանալու` արդյոք ունա՞կ է մեր կառավարությունն այս նվազագույն հարթակից, այս շեմից երկիրը արմատական փոփոխությունների ճանապարհով տանել:

«Ինձ հետաքրքրում է, թե նվազո՞ւմ են գործադիրի և իշխանության` բիզնեսով զբաղվող ներկայացուցիչների եկամուտները: Սա էլ պետք է հետևություն անելու առիթ տա: Նույնիսկ այս պայմաններում` արդյունավետ կառավարման, հավասար պայմաններ ստեղծելու դեպքում մենք կարող ենք հաջորդ տարի ունենալ այլ ցուցանիշներ, մանավանդ` քաղաքական փոփոխությունների այս ֆոնին: Այդ պատճառով է, որ մենք վերջնական գնահատական չենք տալիս կառավարությանը, բայց ակնհայտ է, որ, իբրև խմբակցություն, կողմ չենք քվեարկելու այս բյուջեին»,- եզրափակեց Վարդանյանը: