կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 17:22
Առանց Կատեգորիա

Էշը՝ ցեխի մեջ կամ՝ քարոզարշավ. օր 10-րդ

Էշը՝ ցեխի մեջ կամ՝ քարոզարշավ. օր 10-րդ

Մի լավ ընկեր ունեմ: Անունը Հովհաննես է, անձնագրով՝ Հովիկ: Ավտոմեխանիկ է` բարձրագույն պոլիտեխնիկական կրթությամբ: Շարժիչից, ընթացքային մասի ամենավերջին պտուտակից և էլեկտրականությունից հասկանում էր այնպես, ինչպես մենք մեզ մեկնած մի բաժակ սառը ջրից: Մինչ նա կգտնի ձեր մեքենայի անսարքությունը, աշխատեք լուռ մնալ: Կան այնպիսիները, սակայն, որ չեն լռում ու Հովիկին ասում են՝ Հովո' ջան, վայթե խեղդել ա, պոզդնի ա ընկել, դրա համար էլ լավ չի քաշում:

 

- Շաշ բանն ասիլ չեն,- պատասխանում էր Հովիկն ու շարունակում իր «հետազոտությունը»:

 

Եթե Հովիկն ավարտել է գործն ու քանդած մասերն է ձգում իրենց տեղերում, կարիք չկա, թեկուզ` նրան օգնելու նպատակով, մի մաս վերցնել և փորձել տեղադրել ինքնուրույն.

 

-Ա, շաշ բանն անիլ չեն, բրախի: Ամեն ինչ հերթով ա էս գործում:

 

Ինչի՞ համար էր այս ողջ նախաբանը: Կարճ՝ բացատրեմ: Նպատակն այն է, որ ընթերցողի և, առհասարակ, հայ մարդու մեջ ամրագրվի շատ հասարակ երկու ճշմարտություն՝ «շաշ բանն ասիլ չեն» եւ «շաշ բանն անիլ չեն»: Բայց միայն Հովիկի հիշատակումը (ինչքան էլ լավ ավտոմեխանիկ է) բավարար չէ դա անելու համար: Այդ պատճառով էլ որոշեցինք հարցը քննարկել նաև մեր որոշ քաղաքական գործիչների կտրվածքով:

 

Եվ այսպես` խորհրդային հասարակարգի հայ ռահվիրաներից մեկը, իսկ ավելի ստույգ՝ Արտաշես Գեղամյանը, ողջ աշխարհին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վիճակը ծանր է, ու… «հրամայական պահանջ է, որպեսզի ՀՀ նախագահի հիմնական թեկնածուները` ի դեմս Հայաստանի անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանի, ի դեմս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած մյուս նվիրյալների` Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՀ նախագահ` Արցախյան ազատամարտի հերոս Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած, իրենց միաբան խոսքն ասեն հանուն ապահով Հայաստանի Հանրապետության, ապահով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Եվ, վերջապես, ի սատարումն համայն հայության» (թարգմանությունն անձամբ մերը չէ, բայց հավաստի է): Եթե Արտաշես Գեղամյանն այսպիսի բան գրած լիներ այսօր` հունվարի 30-ին, կամ գոնե` հունվարի 29-ին, կարելի էր եզրակացնել, որ նա շատ խորն է ազդվել Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունից, որ տարածվեց Հայոց բանակի ծննդյան օրը՝ հունվարի 28-ին: Բայց Գեղամյանը, այ քեզ բան, այս ամենը գրել է հունվարի 26-ին՝ իր երկարաշունչ հոդվածում, որ կարող եք գտնել այստեղ՝ regnum.ru/news/fd-abroad/armenia/1617740:

 

Հիմա` մտքով հունվարի 26-ից հանեք այն օրերը, որ Գեղամյանին պետք էին այսպիսի մի լայնածավալ հոդված գրելու համար (եթե, իհարկե, ձեռքի հետ չի գրել), և կստացվի, որ մեր երեք, այսպես կոչված, հիմնական թեկնածուների համատեղ հայտարարության գաղափարն իրականում ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանինն է, ինչպես պնդում է Պարույր Հայրիկյանը, այլ առնվազն Արտաշես Գեղամյանինը, եթե չասենք՝ Արտաշես Գեղամյանի շեֆինը: Ու ի՞նչ է ստացվում` պարոնա'յք, լապշաներս ում նվիրե՞մ: Ավելի լավ է ձեզ պահեք ձեր լապշաներն ու գիտցեք՝ շաշ բանն ասիլ չեն, իսկ եթե արդեն ասել ես, ապա, գոնե՝ շաշ բանն անիլ չեն:

 

Իսկ ի՞նչ շաշ բան կա Արտաշես Գեղամյանի քաղցրալուր գեղգեղանքի մեջ: Նախ՝ մի՞թե ապահով Հայաստան, Արցախ և համայն հայություն ունենալ-չունենալու հարցը կախված է այդ երեք յաման թկնածուների՝ Սերժ Սարգսյանի հետ դաշնակցել-չդաշնակցելուց: Մի քիչ բարակ չի՞ ապահով կյանքից կախվելու այդ թելը: Մի՞թե կարելի էր ազգի մասին սրանից ավելի շաշ բան գրել համաշխարհային մամուլում:

 

Կարող ենք շարունակել հիմարությունների ընթերցումը: Ահավասիկ. «Իսկ կա՞ արդյոք այն գաղափարը, որի շուրջ համախմբվելով, մեր ժողովուրդը հաղթանակած դուրս կգա համապետական ընտրություններից: Այո՛, կա: Դա ՀՀ նախագահի թեկնածուների կողմից համատեղ հայտարարության ընդունումն է: Հայտարարություն, որը կամփոփի համայն հայության ամենանվիրական գաղափարը` Ապահով Հայրենիք: Համոզված կարելի է ասել, որ իրոք առաջադեմ աշխարհը կհարգի մեր միասնականությունն ու միաբանությունն այս կենսահաստատ հարցում: Իսկ որ պակաս կարևոր չեմ համարում` ողջ հայությունը կհպարտանա ՀՀ նախագահի թեկնածուներով»:

 

Գեղամյանն, իրոք, վերջն ա: Նրան պետք է շտապ տեղեկացնել, որ առաջիկայում մեզ ընդամենը նախագահական ընտրություններ են սպասում, իսկ Հայաստանն էլ մեռելատուն չէ, որ քո 3 մանեթանոց լացով աշխարհին զարմացնես: Ի՞նչ է ուզում Գեղամյանը Հայրիկյանից, Հովհաննիսյանից և Բագրատյանից, երբ առաջադեմ մարդկությունը տակավին կարծում է, որ նշվածներն ընդամենը նախագահի թեկնածուներ են ու, ինչպես Սերժ Սարգսյանը, իրենց բախտն են փորձելու ժողովրդավարության մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ ընտրությունների միջոցով: Ի՞նչ կարիք կա այս լուսավոր դարում թեկնածուներին լացացնել «հայրենասիրական» բայաթիներով, հրահանգել՝ արեք այս, արեք այն:

 

Դե, իսկ մեր թեկնածուներին Աստված տվել, չի խնայել: Ո՞նց Արտաշես Գեղամյանի գլխի վրայից թռչեն: Շատ չանցած Գեղամյանի «հրամանից»` հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, որը, բնական է, պիտի իմաստազուրկ լիներ, որովհետև, այո, հայտնի ճշմարտություն է՝ շաշ բանն անիլ չեն: Խնդրեմ, պարոնա'յք ուժեղ մրցակիցներ, էս էշը, էս՝ դուք: Հիմա հանեք այդ կենդանուն ցեխից:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 Հ.Գ. Ճիշտն ասած, երբ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ երեքի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարն է, ես արդեն կասկածեցի, որ դա կարող է քաղաքականություն հասկացության հետ կապված որևէ բան լինել: Բայց ես որտեղի՞ց իմանայի, որ Րաֆֆիի, Պարույրի կամ Հրանտի պես թեկնածուները երբեք իրենց մեքենան Հովիկի մոտ չեն վերանորոգել: