կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 12:35
Քաղաքական

Զինվորի բղավոցից չի կարելի ընդհանուր կարծիք ստեղծել. պատգամավորը՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Զինվորի բղավոցից չի կարելի ընդհանուր կարծիք ստեղծել. պատգամավորը՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

«Ոտքի՛ Հայաստան»-ը երեկ «Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրությունը» վերնագրով տեսանյութ էր տարածել, որում երևում է ադրբեջանցիների տեղաշարժը, ինչի մասին զեկուցվում է հրամանատարությանը, սակայն այնտեղից գործողության դիմելու հրահանգ չկա տեսանյութում:

ԱԺ պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանն այսօր խորհրդարանում Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ տեսանյութը, ընդգծեց, որ տեսանյութն անձամբ նայել է, և այնտեղ համոզվելու որևէ բան չկար:

«Եթե մեր կողմի զինվորները գիշերային տեսանելիությամբ նայում են թշնամուն, ապա իրանք ի՞նչ գիտեն, կամ մենք ի՞նչ գիտենք՝ թիկունքում ինչ է կատարվում: Երբ իրենք հայտարարում են կամ տեղյակ են պահում մեր հրամկազմին, զինվորներն ի՞նչ գիտեն, թե ինչ գործողություններ են կատարվում: Միայն էն կողմում կատարվելիքն է երևում տեսանյութում, և ընդհանուր առմամբ, կարծիք են ստեղծում: Չի կարելի դրանից ընդհանուր կարծիք ստեղծել կամ զինվորի բղավոցից, կամ էլ ասել՝ թիկունքից եկան, թե չեկան, կամ հրամկազմը ինչ է մտածում կամ ինչ գործողություններ է անում»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց նաև, որ չի կարելի առանց վերլուծելու քննադատություններ անել, քանի որ չգիտենք՝ «զինվորները ինչ վիճակում են գտնվել, միգուցե վախեցած են եղել և ամբողջական ու արդարացի չեն վերլուծել իրավիճակը»:

«Ես անհեթեթություն են համարում այս տեսանյութով մեր բանակի կամ հրամկազմի մասին կարծիք կազմելը՝ առանց իմանալու նրանց ամբողջական գործողությունների մասին»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չէր ցանկացել ներկայանալ, վստահեցրել էր, որ տեսանյութն ամբողջական չէ, եւ որ մերոնք սպասել են` մինչեւ ադրբեջանցիները կուտակվեն, նոր անցել են գործողության: