կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 17:31
Առանց Կատեգորիա

Ով է Երեւանում աղմուկ բարձրացրած ուկրաինացի Տարասյուկը

Ով է Երեւանում աղմուկ բարձրացրած ուկրաինացի Տարասյուկը

Բորիս Իվանովիչ Տարասյուկը այս տարվա հունվարի 1-ին դարձավ 66 տարեկան: Կյանքում նա ամենաշատը սիրում է մի բան` սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել:

 

Նրա` հանրամատչելի կենսագրությունից պարզ չի դառնում, թե սիրո՞ւմ է, արդյոք, մեծարգո ուկրաինացին իր պատրաստած ուտելիքները նաեւ հյուրասիրել, կամ` սիրո՞ւմ են, արդյոք, նրա հյուրերը հյուրասիրվել Տարասյուկի «բլյուդաներով», համե՞ղ են դրանք: Փոխարենը գրված է, որ Բորիս Իվանովիչը, երբ ազատ ժամանակ է ունենում եւ հավես չի ունենում ինչ-որ բան պատրաստել, ոչ թե շտապում է իր դուստրերի տուն, ենթադրենք` թոռնիկներին սիրելու, այլ գնում է ձկնորսության, թենիս խաղալու կամ էլ բիլիարդի ակումբ:

 

Կենսագրական տվյալներից պարզ է դառնում, որ Բորիս Տարասյուկը, ով նախկինում կարկառուն կոմունիստ էր, ինչպես, օրինակ, Լենինը, գերազանցությամբ ավարտել է Կիեւի Շեւչենկոյի անվան պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ դարձել դիվանագետ: Աշխատել է Ուզբեկստանում` 1998-2000-ը, անգամ եղել է արդեն անկախ Ուկրաինայի ԱԳ նախարար, ապա` ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկյացուցիչ, նույն պաշտոնին` ՆԱՏՕ-ում… Մի խոսքով` Բորիս Իվանովիչը լուրջ աշխատանքային կենսագրություն ունի, այլ հարց է, որ նա ամենեւին էլ լուրջ մարդ չէ:

 

Կանցնեն տարիներ, եւ Կիեւի մեջտեղով հոսող Դնեպր մայր գետի ձախ ափին իր սիրած ձկնորսությունն անելիս Բորիս Իվանովիչը կհիշի տարիներ առաջվա այն օրը, երբ ինքը Երեւանում սեփական ձեռքերով «ժարիտ արեց»: Նախ` նշեց, թե Ուկրաինայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ միանշանակ է. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը սխալ է»: Ապա` Ցեղասպանության թեմայով ասաց. «Եթե ձեզ համար Ռուսաստանի գործողությունները Արեւելյան Ուկրաինայում ագրեսիա չէ, ապա էլ ինչպե՞ս եք պահանջում, որ աշխարհը ճանաչի ձեր ցեղասպանությունը»: Ասաց` առանց աչքը թարթելու, ասաց եւ չփոշմանեց, ասաց եւ մնաց անպատիժ, ասաց, քանի որ կյանքում ամենաշատը սիրում է սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել:

 

Բայց մի նրբություն կա. Տարասյուկի մասին տվյալներ համացանցում որոնելիս հայտնաբերեցի մի շատ ուշագրավ բան: Պարզվում է, որ Բորիս Իվանովիչն առաջին անգամ սեփական ձեռքերով պատրաստել է ոչ թե ինչ-որ բան, այլ մաքուր ռուսական պելմենի` դեռեւս ուսանողական տարիներին` Կիեւի վերոհիշյալ համալսարանի հանրակացարանում: Նրա սենյակակիցներից մեկը` ոմն Յուրա, ով ազգությամբ ռուս է, պատմել է /չի բացառվում` Տարասյուկին զրպարտելու նպատակով/, որ Բորիսը, այսինքն` մեր հերոսը, «աղի հարցում չափն անցել էր, ուտել չէր լինում»: Այնպես որ` հարգարժա'ն Բորիս Իվանովիչ, երբ սեփական ձեռքերով ինչ-որ բան եք պատրաստում, հատկապես` պելմենի, աղի հարցում մի' սխալվեք, ուտել չի լինում:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ