կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-09 17:40
Իրավական

ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին

ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը:

 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանի անունով մեզ հասցեագրված պատասխանից տեղեկանում ենք, որ ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը, և նրա կինը` Ռուզաննա Մարդանյանը, այս գործով մեղադրյալներ են:

 

ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության հանգամանքը, քննության ներկա փուլում գործի այլ տվյալների հրապարակումը նպատակահարմար չէ:

 

Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը սահմանը հատել էր 2010-ին, իսկ Հայաստան վերադարձվել 2014-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

 

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիշյալ ընտանիքը շարունակում է մնալ ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում: «Հայրենադարձումից հետո կազմակերպությունը այցելություններ է կատարում `գնահատելու նրանց սոցիալական և առողջական վիճակը` անհրաժեշտության դեպքում հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- ասաց նա:

 

Նշենք, որ ապօրինի կերպով սահմանը հատելու վերաբերյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Ի դեպ, yerkir.am-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն` Գևորգյանների ընտանիքը չի վերադարձել իրենց նախկին` սահմանամերձ բնակավայրը, այլ հաստատվել է Երևանում: