Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։
Կուելարին մեղադրում են ադրբեջանական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից վճարումներ ստանալու մեջ: Այնուհետև, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, կոնգրեսականն այդ միջոցները լվացել է իր կնոջը՝ Իմելդե Կուելարին պատկանող կեղծ ընկերություններում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի միջոցով:
Արդարադատության նախարարության վարկածով՝ կաշառքի համար կոնգրեսականն իր ազդեցությունն օգտագործել է ԱՄՆ Կոնգրեսում բարձրաստիճան անձանց վրա ՝ ի շահ օտարերկրյա ընկերության և բանկի:
Կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մասնավորապես կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:
Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը երեկ առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը երեկ հրապարակած հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։