|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել էր կառավարությունը: Ըստ այդ փոփոխության` 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ներկայացվող փոփոխությունը ծայրահեղ վտանգավոր է, լի կոռուպցիոն ռիսկերով և նպաստելու է առևտրի մենաշնորհացմանը: Նա կոչ արեց վերանայել օրենքը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «խիստ հարգելի պատճառներով ԲՀԿ-ն չի հասցրել ուսումնասիրել օրենքը, ուստի ձեռնպահ է քվեարկելու»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իրենց տարակուսանքը հայտնեցին օրենքի ընդունման շտապողականության կապակցությամբ, որովհետև կիսատ են թե' լուծումները, թե' քննարկումները:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքի քննարկում կազմակերպվել է ուրբաթ օրը, և հայտարարեց, որ այդ օրենքի փոփոխությունը զարկ է տալու արտահանմանը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը մասնակցել է այդ քննարկումներին և ներկայացրել առաջարկություններ: «Մեր առաջարկը եղել է այն, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր արտահանողների համար: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, սա նախագիծ է, որը տանելու է արտահանման մոնոպոլիզացման»,- ասաց նա:
Իսկ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ քննարկում եղել է, առաջարկներ են ներկայացվել, բայց դրանք չենք տեսնում առաջարկվող նախագծում: Նա նշեց, որ դա օրենք է արտահանման մոնոպոլիզացիայի համար, հետեւաբար` պետք է դրան դեմ քվեարկել:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ հնչեցվող մտահոգությունները քննարկման ենթակա են, և եթե այդ փոփոխությունը բոլորին վերաբերի, ապա ներքին շուկայի պաշտպանության խնդիր կառաջանա: «Արտահանումները պետք է գտնվեն պետության կարգավորման ներքո»,- ասաց նա:
Օրենքը ձայների` 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: