կարևոր
32425 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-04 14:03
Տնտեսական

«Լույս». 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր կլիներ

«Լույս». 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր կլիներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. ՀՀ տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաև, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։

ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ և պարունակում է էական ռիսկեր։
2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է արձանագրվել թե՛ արտահանման և թե՛ ներմուծման կառուցվածքում։ Արտահանման ծավալների զգալի աճ գրանցած ապրանքների մի մասի արտադրությունը Հայաստանում ընդհանրապես բացակայում է, իսկ որոշների արտադրության ծավալները էապես զիջում են դրանց արտահանման ծավալներին։

Այսպես՝ 2022թ. արտահանման ընդհանուր ծավալի գրեթե 2/3-ը կազմում է 5 ապրանքախմբերի գծով արտահանումը՝ «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «փոխադրամիջոցներ», «թանկարժեք ու ոչ թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից արտադրանք», «պատրաստի սննդամթերք, ալկոլոհալային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ», «ոչ թանկարժեք մետաղներ և արտադրանք»։ Վերլուծությունը ցույց է տվել, որ 2022թ.-ին առկա են մի շարք գործունեության ոլորտներ, որոնցում արտադրված ապրանքների ծավալներն էապես զիջում են արտահանման ծավալներին։ Էական շեղումներ կան «համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն», «հիմնային մետաղների արտադրություն», «ավտոմեքենաների արտադրություն» և այլ ճյուղերում։ Ընդ որում, նաև 2021թ. տվյալներից կարելի է նկատել, որ արտահանման՝ արդյունաբերության ծավալները գերազանցող մասը հիմնականում չի բացատրվում 2021թ.արտադրության ծավալներով (այսինքն՝ 2022թ․ արտահանված ապրանքները չէին կարող արտադրված լինել 2021թ.-ին)։ Հետևաբար, այդ տարբերությունները կարող են բացատրվել միայն վերարտահանման երևույթի առկայությամբ։ Եթե հաշվարկենք վերոնշյալ գործունեության տեսակների արտահանման ծավալների աճը, ապա կստացվի շուրջ 1.88 մլրդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ այդ նույն ոլորտներում արտադրության ծավալների աճը կազմել է շուրջ 587.8 մլն ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ առնվազն դրանց տարբերության չափով` շուրջ 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով տեղի է ունեցել վերարտահանում։

Այս հանգամանքները, ըստ էության, հիմք են տալիս եզրահանգելու, որ 2022թ.-ի արտահանման կազմում զգալի մաս է կազմել վերարտահանումը։ Ընդ որում, վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2022թ.-ին վերարտահանումն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով։

2022թ. ՀՀ տնտեսության արտահանման առնվազն 24.8%-ը (շուրջ 1.3 մլրդ ԱՄՆ դոլար) կազմում է վերարտահանումը, առանց որի արտահանման աճի տեմպը ավելի քան 2 անգամ ավելի ցածր կլիներ։ Ավելին, վերարտահանումը էական նպաստում է ունեցել նաև տնտեսական աճին՝ ապահովելով 12.6% տնտեսական աճի շուրջ 2.6 տոկոսային կետը։

Ընդ որում՝ 2022թ.-ին կտրուկ աճել է արտահանման առումով առաջատար առևտրային գործընկեր ՌԴ արտահանման տեսակարար կշիռը՝ ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում, ինչը, բնականաբար, հանգեցրել է արտահանման դիվերսիֆիկացիայի նվազման՝ ավելացնելով ՌԴ շուկայից հայաստանյան արտահանողների կախվածության ռիսկերը։ Դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը մեկ տարվա ընթացքում աճել է զգալիորեն՝ 17.1 տոկոսային կետով, 2022-ի արդյունքներով կազմելով 45.0% (դեպի ՌԴ արտահանման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 186.8%-ով կամ 1,570.3 մլն ԱՄՆ դոլարով)։

Հարկ է նշել, որ վերարտահանումը տնտեսական աճի վրա, բացի ուղղակի ազդեցությունից, ունի նաև անուղղակի ազդեցություն (բազմաթիվ տնտեսական սուբյեկտների տնտեսական ակտիվության աճ, վերարտահանման գործընթացներում ընդգրկված տնտեսական սուբյեկտների տնօրինվող եկամուտների աճ, որը հանգեցնում է նրանց սպառման մուլտիպլիկատիվ աճի, այդ գործընթացներում ընդգրկված տնտեսավարողների կողմից ներդրումային ծախսերի աճ, բյուջետային մուտքերի աճ, որը կնպաստի պետական ծախսերի աճին և այլն)։ Սույն հետազոտությունում տնտեսական աճի վրա նման անուղղակի ազդեցությունը չի գնահատվել։